News.am-ը գրում է․

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Արաբական Միացյալ Էմիրություններում երկու ընկերությունների նկատմամբ՝ նրանց մեղադրելով իրանական Mahan Air ավիաընկերությանը օգնություն ցուցաբերելու մեջ, հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարության համապատասխան հաղորդագրության մեջ նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Parthia Cargo եւ Delta Parts Supply FZC-ն կարեւոր պահեստամասեր են մատակարարում ԱՄՆ-ի «սեւ ցուցակում» գտնվող Mahan Air-ին:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «սեւ ցուցակում» ընդգրկել է նաեւ իրանցի Ամին Մահդավիին, որը Parthia Cargo ընկերութան սեփականատերն ու ղեկավարն է:

Պատժամիջոցների համաձայն՝ ԱՄՆ-ում այդ ընկերությունների բոլոր ակտիվները սառեցվում են, եւ ամերիկացիներին արգելվում է նրանց հետ գործ ունենալ:

«Իրանական ռեժիմը օգտագործում է Mahan Air-ը որպես գործիք՝ ամբողջ աշխարհում իր ապակայունացնող օրակարգը տարածելու համար, ներառյալ Սիրիայի եւ Վենեսուելայի կոռումպացված ռեժիմները, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում ահաբեկչական խմբավորումները»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել