Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նման վարքագիծը (խոսքս Նիկոլին այդչափ քծնելու մասին է) շատ պարզ բացատրություն ունի՝ վախ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանից։ Արայիկ Հարությունյանը գիտի, որ Բաբայանի դեմ պայքարում ինքն այս պահին ուրիշ ոչ մի դաշնակից չունի։ Հույսը միայն Փաշինյանն է, այն էլ, իհարկե, ոչ որպես իր դաշնակից, այլ ընդամենը զսպող գործոն։ Մնացած բոլոր ուժերը, ովքեր կարող էին Բաբայանի հարցում օգնել Արցախի նախագահին, այլևս դա չեն անի։ Հիմնականում հենց Արայիկ Հարությունյանի՝ իրենց հանդեպ ցուցաբերած, մեղմ ասած, ոչ ճիշտ վարքագծի պատճառով։

Վանեցյանը թերևս վերջինն էր, ով այդ հարցում կարող էր դրական դեր խաղալ Արցախի ղեկավարի համար, ինչը, ի դեպ, նա արդեն մեկ անգամ արել է ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ։ Այդ օրերին Արայիկ Հարությունյանն, իհարկե Վանեցյանի, կարիքը շատ ուներ՝ հետը նկարվելու, իր հասցեին դրական խոսք ասելու առիթը բաց չէր թողնում։ Բայց դա այն ժամանակ։ Հիմա իրողություններ են փոխվել։ Համենայն դեպս, Արայիկ Հարությունյանի ընկալումներում։ Բայց վատ լուր ունեմ Արցախի նախագահի համար՝ Սամվել Բաբայանը նայում, քթի տակ ծիծաղում է։ Ու այս օրը Արայիկ Հարությունյանը դեռ հիշելու է։ Անպայման է հիշելու…

Մնացածի մասին չեմ ուզում շատ ծավալվել։ Մի անգամ արդեն ասել եմ, նորից կկրկնեմ։ Մեր բոլոր խնդիրների աղբյուրը Նիկոլ Փաշինյանն է։ Մնացածը հետևանքներ են։ Նույն Արայիկ Հարությունյանն առաջինն է վազելու Վանեցյանի մոտ, հենց զգաց, որ Հայաստանում նորից իրավիճակ է փոխվում։ Էն էլ ոնց է վազելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել