Armenpress.am-ը գրում է․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ Պողոսյանին նշանակվելու կապակցությամբ։ Շնորհակալական և շնորհավորանքի խոսքով նախարարին են միացել նաև աշխատակիցները»,- նշում են նախարարությունից:

Դավիթ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ կիրականացնեն արդյունավետ աշխատանք և թանգարանը նոր մակարդակի կբարձրացնեն։

Նախարարն անդրադարձել է նաև թանգարանում ընթացիկ գործունեությանը, ինչին ի պատասխան` Գրիգոր Գրիգորյանը ներկայացրել է, որ ի թիվս կատարված այլ աշխատանքների` ընթացքի մեջ է թանգարանի նոր օդափոխության համակարգի տեղադրումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել