Armenpress.am-ը գրում է․

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հարգում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունից Վահրամ Ավետիսյանի հրաժարվելու որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Պարոն Ավետիսյանը ինքն է որոշել, որ կառավարությունը չդիտարկի իր թեկնածությունը, մենք հարգում ենք նրա որոշումը և մաղթում մասնագիտական հաջողություններ»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ավետիսյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո է նման որոշում կայացրել, նշելով, որ Ազգային ժողովում 80 ձայն չի ստանա, Մակունցն ասաց, որ, հավանաբար, այդպիսի տպավորության պատճառ են դարձել իրեն ուղղված հարցերը:

«Հանդիպումն անցել է նույն ձևով, ինչպես բոլոր այլ թեկնածուների հետ: Հնչել են սուր հարցեր նաև, հավանաբար դա էր պատճառը, որ պարոն Ավետիսյանի մոտ այդպիսի տպավորություն էր»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Օգոստոսի 17-ին Վահրամ Ավետիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում իր համաձայնությունը հետ կանչելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել էր հուլիսի 23-ին: Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ  քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել