Hraparak.am-ը գրում է․

Մեկ շաբաթ առաջ պարետատունը որոշում կայացրեց՝ սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, ինչպես նաեւ երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ ուսումնական տարվա մեկնարկը տալով առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: 

Թեպետ ԿԳՄՍ նախարարությունից վստահեցնում են, որ պարետատունը եւ նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը եւ ուղեցույցները, որոնք առաջիկայում կհրապարակվեն, բայցեւայնպես, թե՛ ուսուցիչների, թե՛ ծնողների մոտ հարցականները շատ են, օրինակ՝ թե ինչպես է կազմակերպվելու ուսուցումը․ հերթափոխո՞վ է իրականացվելու, թե՝ ոչ, եթե այո, դրա դիմաց ուսուցիչը հավելյալ վարձատրվելո՞ւ է։  

Ըստ պարետի որոշման՝ դպրոցները պետք է ապահովվեն անհրաժեշտ ախտահանիչ պարագաներով, նաեւ անձնակազմը եւ աշակերտները անհրաժեշտ դիմակներով եւ ախտահանիչ նյութերով։ Ուսումնական պրոցեսի կազմակերպումը միջին ծանրության դեպքերում պետք է իրականացնել՝ բացառելով առանձին առարկաների համար դասարանից դասարան տեղաշարժը։ Ապահովել ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք եւ սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով։ Բացառել ծնողի կամ ուղեկցողի մուտքը դպրոց։ Ընդունարանի մոտ՝ բակում, ապահովել աշակերտների մուտքի կառավարում ըստ դասարանների։ Դասասեյնակ մտնելուց առաջ ապահովել աշակերտների ձեռքերի ախտահանում կամ լվացում՝ խուսափելով կուտակումներից։ 

Այս օրերին տարբեր դպրոցների տնօրենների հետ զրույցներում կարողացանաք պարզել, որ նախարարությունն այս պահին փորձում է գնահատել դպրոցների հնարավորությունները՝ նրանցից պահանջելով տվյալներ, թե որ դպրոցն ինչ խնդիրներ ունի, քանի ազատ դասասենյակ, դրանցից քանիսն են շահագործման ենթակա։ Բայց խնդիրն այն է, որ դպրոցներից շատերը, անգամ մեծ ցանկության դեպքում, չեն կարող պահպանել սանիտարահիգիենիկ մի շարք պահանջներ, օրինակ՝ տաք եւ սառը ջրի առկայություն։ Կամ՝ երբ պարետի ցուցումներում ասվում է, որ դասարանում 10-ական աշակերտ պիտի նստի, որոնք լինեն իրարից 1․5 մետր հեռավորության վրա․ սա դպրոցների մեծ մասի դեպքում անհնարին է, քանի որ անգամ ամենամեծ դասասենյակում 1․5 մետրը պահելով կարող է նստել 15 հոգի, իսկ եթե դասարանը 35 հոգանոց է, ստացվում է՝ դասարանը պետք է կիսվի, իսկ մի ուսուցիչը 3 հերթով աշխատի։   

Նախօրեին ԿԳՄՍ նախարարն այս հարցի շուրջ մամուլում կարճ մեկնաբանություն էր տվել՝ նշելով, որ մինչեւ 3 տասնյակի հասնող դասարանները կբաժանվեն առանձին խմբերի, որպեսզի հնարավոր լինի պահպանել հակահամաճարակային կանոնները։ Եվ այնպիսի դասացուցակ են առաջարկելու, որ որեւէ խնդիր չլինի։ 

Ի դեպ, այս ընթացքում դպրոցներից պահանջել են նաեւ ուսուցչական կազմում քրոնիկ հիվանդություններ ունեցողների անունները, թեպետ նախարարությունը հստակ չի նշել, թե ինչի համար, բայց ակնհայտ է՝ որպեսի գնահատի ռիսկի գործոնը։ Սակայն ուսուցիչներից շատերն ուսումնական գործընթացից դուրս չմնալու եւ աշխատանքը չկորցնելու վախից դրդված՝ չեն բարձրաձայնել իրենց քրոնիկ խնդիրները, այն դեպքում, երբ շատերի պարագայում դրանք հայտնի են շրջապատին։  

Հայ գրականության ուսուցիչ Լիլիթ Պողոսյանին նախեւառաջ հետաքրքրում է՝ գնահատվե՞լ են արդյոք դպրոցների կարիքները, երբ պատրաստվում են սեպտեմբերի 15-ից դպրոցները բացել։ Ի՞նչ միջոցներով եւ մեթոդներով են իրականացվելու սանիտարահիգիենիկ միջոցառումները։ Արդյոք թեստավորվելո՞ւ են եւ ի՞նչ հաճախականությամբ են թեստավորվելու ուսուցիչները, աշակերտները եւ դպրոցը սպասարկող այլ անձինք։ «Հաջորդ կարեւոր հարցը դասարանների թվաքանակով պայմանավորված բաժանումներն են, որ բազմաթիվ հարցեր են առաջ բերում․ ուսուցիչների աշխատավարձի հարցը՝ արդյոք վճարվելո՞ւ են դրա դիմաց, թե՝ ոչ, որովհետեւ փաստացի ավելանում է ոչ միայն ակադեմիական ժամերի թիվը, այլեւ հենց բուն աշխատաժամը, եւ դա նույնպես պետք է հաշվի առնվի, որովհետեւ դրույքով պայմանավորված՝ ուսուցիչներն ունեն տարբեր աշխատաժամեր։ Եթե հերթերով լինի ուսուցումը, ինչպե՞ս են կազմակերպվելու մարզերից եկող ուսուցիչների աշխատանքի գալն ու գնալը։ Բացառված չէ, որ կլինեն ուսուցիչներ, ովքեր կհրաժարվեն աշխատանքից, ինչպես եղավ օնլայն հարթակի անցնելու դեպքում։ Այս դեպքում ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում այդ աշխատատեղերը լրացնել, եւ կա՞ ուսուցչական այդքան անձնակազմ, որ կարողանա սպասարկել նման սկզբունքներով մշակված կրթությունը, որը մեզ սպասվում է սեպտեմբերի 15-ից»,- ասել է նա «Դասերը՝ օֆլայն. սովորողները կհաճախեն դպրոց» թեմայով օրերս կազմակերպված տեսաքննարկման ժամանակ: 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն առաջարկում է դպրոցներն ավելի շուտ բացել՝ ոչ սեպտեմբերի 15-ին։ Ըստ նրա, պետք է միանշանակ բացել 1-4-րդ դասարանները, որովհետեւ կան հետազոտություններ, որոնք փաստում են, որ մինչեւ 10 տարեկան երեխաները, ըստ էության, գրեթե չեն տարածում վիրուսը։ «Աշխարհը, միանշանակ, հակված է կրտսեր դպրոցները բացելուն, եւ դա կարեւոր է նաեւ նրանով, որ այդ տարիքի երեխաները չեն կարող տանը մնալ եւ հեռավար սովորել, հատկապես եթե ծնողները աշխատանքի են»։ Ս․ Խաչատրյանի կարծիքով՝ պետք է բացվեն նաեւ գյուղական փոքր դպրոցները, եւ գնալ մինչեւ 200 հոգանոց դպրոցները բացելու տարբերակին, որովհետեւ գյուղերում իրավիճակն ավելի հեշտ է վերահսկելը, եթե անգամ որեւէ դեպք էլ արձանագրվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել