News.am-ը գրում է․

Բարձրագույն դատական խորհուրդը օրերս բավարարել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը և որոշել ևս վեց ամսով երկարաձգել նրա անուն–ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու ժամկետը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով ԲԴԽ որոշումը։

Նման որոշման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության   վերաբերյալ դիմումը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող առանձնակի բարդության գործերի քննությունն ավարտված չլինելու հանգամանքը, ինչպես նաև հաշվի է առնվել ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը։

Ի դեպ՝ վերջին երկու տարվա ընթացքում ԲԴԽ–ն արդեն չորս անգամ երկարաձգել է այս ժամկետը։

Նշենք, որ արդեն մեկ տարի է՝ Աննա Դանիբեկյանի վարույթում է քննվում Մարտի մեկի գործով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը, որը շուրջ 80 հատոր է։ Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար  Արմեն Գևորգյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել