Armenpress.am-ը գրում է․

 Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն աշխատանքներ է իրականացնում Հայաստան ժամանող անձանցից կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների այն մեղմացմանը, որով վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: 

Նախատեսվել է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա նա 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստավորում և պատասխանի բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը հանվում է:

«Հիմա քննարկում ենք, որպեսզի հնարավորություն ստեղծվի ժամանողներից թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնել: Այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց Հունանյանը:

Վահան Հունանյանը նշեց, որ, եթե օդանավակայանում նմուշառում չի իրականացվում, Հայաստան ժամանած անձը միանգամից գնում է ինքնամեկուսացման վայր և այնտեղից իրավունք չունի դուրս գալ, նույնիսկ՝ թեստավորում անցնելու նպատակով:

«Եթե ցանկանում է թեստավորման արդյունքում դուրս գալ ինքնամեկուսացումից, պետք է լաբորատորիայից նմուշառման համար անձնակազմին հրավիրի իր ինքնամեկուսացման վայր: Տվյալ անձն իրավունք չունի դուրս գալ ինքնամեկուսացման վայրից, մինչև թեստի բացասական պատասխան ունենալը: Երբ արդյունքներն արդեն բացասական են լինում, այդ պահից սկսած Հայաստան ժամանած անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից»,- նշեց փոխվարչապետի մամուլի խոսնակը:

Մեղմացումն ունի հետադարձ ուժ և տարածվում է օգոստոսի 12-ին նախորդող 14 օրերի ընթացքում Հայաստան ժամանածների վրա:

«Որոշումը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ օգոստոսի 12-ին նախորդող 14 օրվա ընթացքում ժամանած և ինքնամեկուսացված անձինք ևս կարող են օգտվել այս հնարավորությունից: Օրինակ՝ օգոստոսի 5-ին ժամանած անձինք կարող են իրենց ինքնամեկուսացման վայր հրավիրել լաբորատորիայի աշխատակիցներին, թեստ հանձնել և բացասական պատասխանի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»,- ասաց Հունանյանը:

Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել