Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը հոգեբուժական կենտրոն չի տեղափոխվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը՝ հերքելով շրջանառվող տեղեկությունը, թե Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հոգեբուժարան, որտեղ վերջինս առերեսվել է իր թիկնապահներից մեկի հետ։

«Նարեկ Սարգսյանին հոգեբուժարան չեն տեղափոխել, ընդ որում՝ հոգեբուժարանում էլ որևէ մեկի հետ առերես հարցաքննություն չի եղել»,- ասաց Պիվազյանը՝ նշելով, որ չգիտի, թե ով է տարածել նման լուրեր։

Ինչ վերաբերում է դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննությանը, պաշտպանը հայտնեց, որ նման փորձաքննություն ևս չի իրականացվել։ Պիվազյանի խոսքով՝ Նարեկ Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, ինչի վերաբերյալ նրան տեղափոխել էին հիվանդանոց՝ ստուգումների համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Նարեկ Սարգսյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով Նարեկ Սարգսյանին ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու՝ հետազոտությունների՝ անհրաժեշտության դեպքում բուժման համար։ Միջնորդությունը բավարարվել էր, սակայն ինչպես հայտնել էին ՀՀ արդարադատության նախարարությունից՝ Սարգսյանը հրաժարվել էր։ Պաշտպան Արթուր Պիվազյանն էլ պարզաբանել է, որ միջնորդել են՝ պահանջելով, որ Նարեկ Սարգսյանը հետազոտություններն անցնի «Նարիրի» ԲԿ-ում։

Պաշտպանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ միջնորդության վերաբերյալ գրություն են ստացել, համաձայն որի՝ հնարավոր է ամբուլատոր հետազոտություն անցնել, եթե անհրաժեշտություն լինի։ Անդրադառնալով Նարեկի Սարգսյանի մասնակցությամբ քննչական գործողություններին՝ Պիվազյանն ասաց, որ Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է, սակայն պաշտպանը չմանրամասնեց։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: 2019 թ. դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Սարգսյանը

Չեխիայից տեղափոխվեց Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել