Hraparak.am-ը գրում է․

Սպասարկման ոլորտի փոքրիկ սրահի տնօրենը ուշագրավ դրվագ պատմեց, որն օրերս է տեղի ունեցել։ Իր սրահ անսպասելի մուտք են գործել երկու ոստիկաններ՝ «պապկան» թեւի տակ՝ ակնհայտորեն տուգանելու նպատակով։ Սրահի հաճախորդներից մի քանիսը եղել են դիմակը դնչի տակ իջեցրած, մի երկուսը դիմակ առհասարակ չեն կրել եւ ոստիկանները՝ զոհ տեսածի ոգեւորությամբ փորձել են տուգանելու արձանագրություններ կազմել։ Հավանաբար՝ մի թափից օրվա պլանը կատարելու փաստն է հատկապես նրանց ոգեւորել։ Սրահի տնօրենը առաջարկել է անցնել իր աշխատասենյակ՝ հաճախորդներին չանհանգստացնելու համար, որպեսզի այնտեղ կազմեն արձանագրությունները։ Ոստիկանները՝ տնօրենի հետեւից մտել են սենյակ։

Տնօրենը, հայտնվելով իր տարածքում, հարձակվել է սրանց վրա, թե՝ առանց այն էլ հաճախորդ ու եկամուտ չունենք, առանց այն էլ մի կերպ պահում եմ այս փոքր բիզնեսը, ի՞նչ եք ուզում ինձնից՝ փակեմ, գնամ տո՞ւն, ով է շահելու դրանից՝ դո՞ւք, պետությո՞ւնը, որը մի քիչ պակաս հարկ կստանա, ձեր վարչապե՞տը, որ վարակի դեմ պայքարելու փոխարեն մարդկանց դրել է տուգանքների տակ։ Այս բոցաշունչ ճառը լսելով, ոստիկանը, որը բացել էր մատյանը, որ արձանագրություն կազմել, աղմուկով փակում է այն, որ պատասխան ճառով հանդես գալիս։ Ասում է՝ իսկ դուք ի՞նչ եք ուզում մեզնից՝ ոստիկաններից, ձեր ընտրած իշխանությունն է, ձեր բերած վարչապետը ու իր կայացրած անհեթեթ որոշումները։ Հո՞ կրակը չենք ընկել, ձեզ թվում է մեզ հաճելի՞ է մարդկանց տուգանելը, ամբողջ օրը թուքումուր ենք ստանում, կռիվների մեջ ընկնում։ Ոոտիկանին տուգանք գրող են սարքել՝ ի՞նչ կարող ենք անել։ Մենք էլ են կրակն ընկել սրանց ձեռքը։ Փոխեք ձեր բերած իշխանություններին, ստիպեք, որ փոխեն իրենց ապուշ որոշումները՝ համ մեզ կազատեք, համ դուք կազատվեք։ Տնօրենն ասում է՝ լալկվեցի, չկարողացա ոչինչ պատասխանել․ մարդը ճիշտ էր ասում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել