News.am-ը գրում է․

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային ընտրակարգի ցուցակում Մանե Թանդիլյանից հետո ամենաշատ ձայները ստացել է Ստեփան Ստեփանյանը։

Նա ռեյտինգային ընտրակարգով  առաջադրվել էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ և Էրեբունի վարչական շրջանները ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: Ըստ ԿԸՀ-ի արձանագրության՝ Ստեփան Ստեփանյանն այդ ընտրատարածքում ստացել է 828 ձայն։ Ստեփանյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 96-րդ համարն է։

NEWS.am-ը փորձեց  ԼՀԿ-ից մեկնաբանություն ստանալ, թե ո՞վ է լինելու խմբակցության նոր պատգամավորը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ ԼՀԿ մամուլի խոսնակ Արեն Պետունցն էլ ասաց, որ առաջիկա ժամերին մամուլի հաղորդագրություն են տարածելու, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կլինեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ստիպված է վայր դնել պատգամավորական լիազորությունները, ինչպես նաև դադարեցնել գործունեությունը՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Տիկին Թանդիլյանը առողջական խնդիրներ ունի, որոնք ըստ նրա՝ անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։

 Հավելենք, որ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել