Օգոստոսի 13-ի երեկոյան՝ ժամը 22:30-ից (Երևանի ժամանակով՝ 23:30-ից), Մինսկի Օկրեստինա փողոցում գտնվող իրավախախտների մեկուսացման կենտրոնից սկսել են բաց թողնել Բելառուսում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված անձանց: Այս մասին տեղեկացնում է tut.by կայքը:

Ձերբակալվածներին սպասող հարազատներն ու մտերիմները պատմել են, որ առաջին կես ժամվա ընթացքում մոտ 30 մարդ են ազատ արձակել:

Կայքի լրագրողներն ազատ արձակվածներին հարցրել են պահման պայմանների մասին:

Չնայած ուշ ժամին` իրավախախտների մեկուսացման կենտրոնի մոտակայքում բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, որոնք սպասում էին իրենց հարազատներին:

Ազատ արձակվածներից Նիկոլայը պատմել է, որ իրեն ձերբակալվել են օգոստոսի 9-ին, երբ նա փորձել է հանգստացնել սադրիչներից մեկին:

«Այնտեղ սադրիչներ կային, որոնք ամբոխին հրում էին դեպի վահաններ և ջրցաններ: Երբ ես հրեցի մի հարբեցողի, որն ուզում էր շիշ նետել, ինձ բռնեցին: Հետո արդեն մահակներ, մահակներ, մահակներ... Եվ ես արդեն մեքենայում էի»,- պատմել է ազատ արձակվածը:

Նիկոլայը նշել է նաև, որ մեկուսարանում ձերբակալվածներից ամենաշատն իր բախտն է բերել, նա միանգամից խուց է գնացել, իսկ մյուսներն օրեր են անցկացրել դրսում:

«Սկզբից ես խցում էի, որտեղ 24 մարդ կար, հետո տեղափոխեցին այնտեղ, որտեղ 46 հոգի էր, չնայած խուցը նախատեսված է 6 հոգու համար: Հաջորդ օրը կատակով ասում էին. «Ո՞վ է ուզում փողոցում զբոսնել, մաքուր օդ շնչել»: Հետո նրանց միջից լսվեց. «Գիշերը»: Ես ասացի. «Տղերք, խելագարվե՞լ եք, շապիկներով եք և ուզում եք գիշերը դուրս գալ զբոսնելո՞ւ»: Նրանք այդպես էին անում, որպեսզի փոխեն նրանց, ովքեր գտնվում էին զբոսանքի գոտում, խցում գտնվողների հետ»,- պատմել է Նիկոլայը:

Նա պատմել է, որ խցերում մարդկանց համար տեղերը չէին բավականացնում, 20 մարդու համար կես հաց էին տալիս, շատերին էլ ծեծում էին:

Շտապօգնության ծառայության բժշկուհի Անաստասիան, որին նույնպես լույս օգոստոսի 12-ին բերել էին կենտրոն, պատմել է, որ ինքը գործընկերների հետ աշխատանքից հետո օգնություն է ցուցաբերել տուժածներին, իսկ երբ վերադառնալիս են եղել, իրենց մեքենան կանգնեցրել են: 

«Հատուկ ջոկատը կանգնեցրեց մեր մեքենան, մեզ դուրս բերեցին մեքենայից, զենքը պահեցին գլխներիս ու բերեցին այստեղ»,- պատմել է բժշկուհին ու հավելել, որ 50 հոգով գտնվել են 4 հոգանոց խցում:

Մարդկանց` մեկուսարանից դուրս գալուց հետո կոչ են արել ծափ չտալ, քանի որ ծափահարությունները լսելով՝ ոստիկանները դադարեցնում էին ազատ արձակել ձերբակալվածներին:

Ձերբակալվածներին բաց են թողել առանց անձնական իրերի` հեռախոսների, դրամապանակների:

Դուրս գալուց հետո նրանց տաք թեյ ու ծածկոցներ են տվել:

Զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել