Շեշտը պետք է դրվի մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի վրա: Այս մասին կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու նախագծին:

«Երկու օր առաջ քննարկել ենք այդ հարցը, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք: Մեր խնդիրը չպետք է լինի մեր մանկատան սաներին բնակարան տալը, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք մեկ-երկու տարի, հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն: Բնակարանով մենք հարց չենք լուծում իրականում, եթե հետագայում գնանք այս դեպքերի հետևից, կտեսնենք, որ բնակարան տվել ենք, դա լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, իսկ իրականում դա հարց չի լուծում»,- ասաց նա:

Նա նշեց, որ այստեղ պետք է գտնել ճիշտ լուծում: «Ճիշտ լուծումը մարդու անհատական հատկանիշները զարգացնելու, տաղանդը, աշխատունակությունը, աշխատանքի շուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու մեջ է, մնացած բոլոր ճանապարհները գուցե լավ են հնչում, ականջահաճո են, իրականում դրանք արդյունավետ ճանապարհներ չեն: Դրանք ավելի արդյունավետ են քաղաքական գործիչների համար քաղաքական դիվիդենտներ շահելու իմաստով, իսկ շահառուների համար այդքան էլ արդյունավետ չեն»,- շեշտեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել