Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ամենատարբեր դեմքերի փոխադարձ ինտենսիվ այցեր են։

Հասկանալի է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան չեն համակերպվել տավուշյան գործողությունների արդյունքի հետ և հարմար պահի ռևանշի են դիմելու։ Համենայն դեպս, փորձելու են։

Հայաստանի պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունները, հանդիպումներն ու զորքերի մարտունակության վիճակի բարձրացմանն ուղղված քայլերը խոսում են այն մասին, որ ռազմական գերատեսչությունում ողջ խորությամբ գիտակցում են իրադրությանը լրջությունը և փորձում են դրան համահունչ քայլեր, միջոցառումներ ձեռնարկել։

Հայաստանի վարչապետը տավուշյան իրադարձություններից հետո կառավարության նիստում գնահատականներ հնչեցրեց տեղի ունեցածի և դրա հետևանքների մասին։ Ախտորոշումը ճիշտ էր, սակայն դրան պետք է քայլեր հետևեն։

Այստեղ խնդիրն այն չէ, որ թուրք-ադրբեջանական հարվածը կլինի 10 օր, 1 ամիս կամ 1 տարի հետո, ակնհայտ է, որ Տավուշում ծավալված գործողություններն ամբողջությամբ չեն հանգուցալուծվել, իսկ մեր արևելյան և արևմտյան հարևանները գոնե արտաքուստ ակտիվ քաղաքական, ռազմական շարժերի մեջ են, որոնք այս փուլում համատեղ զորավարժության ձևով է դրսևորվում։

Պետք է արագ գործել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել