Իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, մեր խորին համոզմամբ, հրահրել է զանգվածային անկարգություններ՝ խոչընդոտելով սփյուռքահայ ներդրողի գործունեությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ հայտնելով, որ նշվածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել: 

«Գործարար Արա Տագեսյանը 2 տարի առաջ՝ 2018 թվականին, որոշեց նաև ՀՀ-ում իր բիզնեսը սկսել՝ գյուղատնտեսությամբ զբաղվել: Գնեց 200 հեկտար հողատարածք և հրավիրեց տարբեր մասնագետների, որ այդտեղ գործունեություն սկսի: Ի զարմանս մեզ՝ հանդիպեցինք այնպիսի խոչընդոտների, որոնք սպասելի չէին: Մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ պարզվել է, որ գյուղացիները դժգոհում են, քանի որ տարածքը նախկինում եղել է արոտավայր»,- ներկայացրեց նա՝ նշելով, թե երբ գյուղացիները պահանջել են չեղարկել սեփականաշնորհումը, ներդրողը խոստացել է յուրաքանչյուր ընտանիքի 1-ական հեկտար հողատարածք անվճար տրամադրել:

Փաստաբանի խոսքով, սակայն, գյուղացիներին հրահրել են, և վերջիններս չեն ընդունել առաջարկը: Ըստ Հայրապետյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը որոշել է ինքնուրույն լուծել հարցը, հրավիրել է լրատվամիջոց ու մի հասարակական կազմակերպության ներկայացուցչի և հայտարարել, որ գործարարը չի օգտագործելու այդ հողատարածքը:

«Այլևս սպառված են բոլոր հնարավոր միջոցները, երկու տարի պայքարել ենք, բոլոր ատյաններում բարձրաձայնել ենք, ուղղակի իրավապահ մարմինների չաշխատելու, Դատախազության, Ոստիկանության անգործության, ինչպես նաև իշխանավոր պատգամավորի կողմից միջամտելու արդյունքում մենք հայտնվել ենք այնպիսի դիրքում, որ երկու տարի որևէ գործունեություն չի իրականացվել»,- ասաց փաստաբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել