Pastinfo.am-ը գրում է․

Հայկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին տվյալները համադրման փուլում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ նշելով, որ հարցմամբ դիմել են նաեւ պետական եկամուտների կոմիտե եւ պատասխանին են սպասում։ 

«Պետք է հարկայինը հաստատի, որպեսզի մեր տվյալները հանկարծ արժանահավատության խնդիր չառաջացնեն»,- ասաց նա։

Հարությունյանը հավելեց, որ հստակ ժամկետ չկա և տվյալը վերլուծական աշխատանքի անհրաժեշտություն ուներ. «Այսինքն` չոր թիվ չէ, որ տեսնում ենք ու կարող ենք օգտագործել։ Ամբողջ շրջանառության վերաբերյալ նախորդ տարիների տեղեկությունները, որը կարող է հաստատվել բացառապես հարկայինի հաստատման տվյալով։ Ինչը որ տեսնում ենք այսպես ասած բավարար չէ։ Ռեգիստրից ստացել ենք ոչ բավարար տվյալ, օրինակ՝ իր մոտ գրանցում չկա գործունեությունը դադարեցնելու մասին, բայց դա բավարար չէ, որովհետև ինքը կարող է հարկայինում ներկայացրած լինի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու համար։ Իսկ սա այն տեսակի տվյալ է, որը հարկայինը պետք է հաստատի։ Եվ մանավանդ ժամկետը. դիմումը ե՞րբ է ներկայացրել օրինակ՝ պաշտոն ստանձնելուց քանի՞ օր հետո՝ ավելի վաղ, թե ավելի ուշ»։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եկամուտների հայտարարագրի, հնարավոր անհամատեղելիության և այլ սահմանափակումների վերաբերյալ ուսումնասիրություն է սկսել: Մասնավորապես Հայկ Սարգսյանի՝ պատգամավոր դառնալուց հետո բիզնես եկամուտները շեշտակի աճել են։ Հայկ Սարգսյանը էթիկայի հանձնաժողով երկու հայտարարագիր է ներկայացրել։ Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել է, որ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա՝ 2018-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմում են 3,723,340 ՀՀ դրամ: Իսկ պաշտոնատար անձի 2019-ի տարեկան հայտարարագրում Սարգսյանի եկամուտը հարկային տարում կազմել է 20,908,000 ՀՀ դրամ։

Անդրադառնալով «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու փաստացի շահագործմանը՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ հարցը կարող է ուսումնասիրվել՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի առնչության վերաբերյալ տվյալներ ձեռք բերվելու դեպքում։

«Սպիտակ Շորժայի մասով ուսումնասիրությունն այնքանով է, որքանով առնչություն կունենա Հայկ Սարգսյանի հետ։ Տվյալը, որը որ այդպիսին ենթակա է հանձնաժողովի ուսումնասիրության, բացառապես ներառում է հայտարարատու պաշտոնատար անձանց։ Իսկ Հայկ Սարգսյանի հետ կապված Սպիտակ Շորժայի առնչությունը կդառնա մեր ուսումնասիրության առարկա այնքանով, որքանով տվյալներ ձեռք կբերվեն։ Ներկայումս համադրվում են տեղական ինքնակառավարման այլ մարմիններից ստացված տվյալների հետ, որ եթե հանկարծ դրանց հետ մի փոքր հղում լինի, մենք Հայկ Սարգսյանի մասով գործողությունները շարունակենք։ Քանի դեռ ինքը սուբյեկտ չէ, իր մասով գործողություն իրականացնելու լիազորություն չունենք»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել