Հնարավո՞ր է արդյոք երկու ձեռքով միաժամանակ դիպչել Հյուսիսային Ամերիկային և Եվրասիային: Դատելով աշխարհի քարտեզից, ատլասից, գլոբուսից կամ մոլորակի այլ փոքր մոդելից՝ հնարավոր չէ : Երկրի մակերեսի յուրաքանչյուր պատկերում՝ երկու մայրցամաքների միջև, ընկած է Ատլանտյան օվկիանոսը՝ մեծությամբ երկրորդ օվկիանոսը աշխարհում : Այն ձգվում է մի քանի հազար կիլոմետր՝ Ամերիկայից մինչև Եվրոպա, և, թվում է, առանձնացնում է երկու հսկայական մայրցամաքները զգալի հեռավորության վրա :

Մայրցամաքներ են կոչվում երկրակեղևի խոշոր հատվածները, որոնք շրջապատված են ջրով : Բայց, չնայած դրան, մայրցամաքները  շատ ավելի են ընդարձակվում, քանի որ տեկտոնական թիթեղների մեծ հատվածներ ընկղմվում են ջրի տակ: Այստեղ պարբերաբար տեղի են ունենում երկրաբանական գործընթացներ, թիթեղները շարունակում են շարժվել, բայց մայրցամաքների համար դրանք էական նշանակություն չեն ունենում, քանի որ Երկրի կեղևի փոփոխությունները կատարվում են ջրերի խորքերում :

Մոլորակի ամենատպավորիչ ճեղքերից մեկը Սիլֆրի ճեղքն է : Այն ձևավորվել է Իսլանդիայի ամենամեծ լճի՝ Տինգվադլավատնի խորքում : Կղզին ինքնին երկու հատվածների՝ Եվրասիական և Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքների միջև եղած սահմանի մաս է : Եվ քանի որ թիթեղները ենթակա են տեղաշարժման և դեֆորմացիայի, այստեղ ձևավորվել են Սիլֆրի երկարաձիգ ճեղքվածքը և Թինգվեդլիրի հովիտը :

Պարբերաբար տեղի ունեցող տեկտոնական շարժումների արդյունքում հիմքերի և ճեղքվածքների շերտերի միջև լարվածությունը մեծանում է : Այդ պատճառով մոտավորապես տասը տարին մեկ անգամ Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող  հովտում տեղի է ունենում հզոր երկրաշարժ, որը թուլացնում է մայրցամաքների սահմանում գտնվող լարավածությունը :

Ըստ երկրաբանական հետազոտությունների՝ ճեղքն առաջացել է վերջերս, ուստի մայրցամաքները դեռ չեն հասցրել զգալի չափով հեռանալ միմյանցից, չնայած որ տարվա ընթացում նրանք հեռանում են երկու սանտիմետրով : Մի քանի կիլոմետր խորություն ունեցող որոշ ճեղքվածքների թիթեղները գտնվում են ոչ ավելի, քան մեկ մետր հեռավորության վրա :

Այստեղ է, որ դեպի տեկտոնական թիթեղների հանգույց են ձգտում աշխարհի հազարավոր սուզորդներ : Սուզվելու նպատակը ձեռքերով միաժամանակ երկու մայրցամաքներին դիպչելու հնարավորությունն է : Անհնար է պատկերացնել այն զգացումը, որ ունենում են սուզորդները, երբ գտնվում են այդպիսի խորություններում՝ երկու անսասան հսկաների միջև : Դա զգալու համար հարկավոր է գոնե մեկ անգամ լինել այնտեղ՝ երկու մայրցամաքների եզրերում:

Տինգվադլավատնայի հատակը սուզվում են առավել համարձակ և արհեստավարժ ջրասուզակները, քանի որ ճեղքը լցված է շատ սառը ջրով, որի աղբյուրը տեղական սառցադաշտերն են: Հետևաբար, կորցնելով խորության զգացումը և մոլորվելով ստորջրյա ժայռերի մեջ, հնարավոր է սառցակալել: Այստեղ անցկացրած առավելագույն ժամանակը 35 րոպեն է :

Չի կարելի ասել, որ Սիլֆրի ճեղքվածքում հարուստ ստորջրյա աշխարհ կա, սակայն տեսակներն այստեղ, իրոք, զարմանահրաշ են : Հատակը պատված է լավայով և ժայռերի կազմավորումներով, իսկ ջուրն այստեղ այնքան թափանցիկ է, որ պարզ եղանակին հնարավոր է տեսնել յուրաքանչյուր բլուր և սյուն 100-120 մ հեռավորության վրա :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել