ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից  կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացն ընթանում է սահուն: Արդեն 47 հազարից ավելի թեստ է մատակարարվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշեց, որ որևէ խոչընդոտ կամ խնդիր այս ընթացքում չի եղել: 

«Ինչպես պլանավորել էինք, օրական 2 հազար թեստ արտադրելու շրջանակում գործում ենք: Սահմանված նշաձողը պահվում է:  Հավելյալ պահանջարկի մասին հարցին կարող է պատասխանել Առողջապահության նախարարությունը: Մեր կողմից կարող ենք ասել, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա պատրաստ ենք ավելին արտադրել»,-ասաց Արսեն Առաքելյանը: 

Մինչ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության պաշտոնական գրությունը ստանալը, ինստիտուտը կատարել էր թեստերի բոլոր անհրաժեշտ փորձարկումները: Եվ արտադրության մեկնարկին արդեն խոսվում էր թեստերի 98 տոկոս ճշգրտության մասին: Արդյո՞ք արտադրությունից հետո որակի հետ կապված խնդիրներ եղել են: Հարցին ի պատասխան Արսեն Առաքելյանը նշեց, որ այս ընթացքում որևէ խնդիր չի առաջել, ամեն դեպքում իրեն նման բան հայտնի չէ: 

Թեստերի արտադրության մեկնարկից առաջ խոսվում էր նաև արտահանման հնարավորությունների մասին: Արսեն Առաքելյանը նկատեց, որ թեստերը պետք է անցնեն սերտիֆիկացման և գրանցման բավական երկար փուլ, իսկ դրա համար օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ: Ամեն դեպքում նա հիշեցնում է, որ ինստիտուտն արտադրող ընկերութուն չէ: 

«Այս թեստերի արտադրությունը միանգամյա գործունեություն է, որն ուղղված է կորոնովիրուսի համաճարակի դեմ պայքարում մեր երկրին աջակցելուն: Մենք, որպես գիտական կազմակերպություն տվել են արդյունքը, շարունակությունը պետք է անեն արդեն համապատասխան ընկերությունները: Շատ կցանկանայի, որ հետագայում Հայաստանում ձևավորվեն ընկերություններ կամ եղած ընկերությունները կարողանային օգտագործել մեր փորձն արդեն արտադրական մասշտաբներով գործն առաջ տանելու համար: Թե չէ, դա մեր շրջանակից դուրս է, մենք գիտական հետազոտություններով ենք զբաղվում»,- ասաց նա:

Հարցին, թե ամեն դեպքում բիզնեսից հետաքրքրության նախանշաններ կա՞ն, Արսեն Առաքելյանը նշեց, որ որոշակի նախանշաններ կան, սակայն կարծես բիզնեսի մոտ սպասողական վիճակ է: Սպասում են, տեսնեն, թե ինչով կավարտվի այս փուլը: 

«Կարծում եմ, որ այս փորձը կհուշի մեր կառավարությանն այն, որ գիտական ներուժը կարող է օգտակար լինել երկրի համար կարևոր հարցերում: Հույս ունենք, որ հետագայում կառավարությունն ավելի լայնորեն կօգտագործի գիտական համայնքի գիտելիքները և հնարավորությունները տարբեր խնդիրների լուծման համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գիտության ոլորտի բարեփոխումներին, նոր կադրեր ներգրավելուն, ապա Արսեն Առաքելյանը նշեց, որ ոլորտը միշտ էլ կարիք ունի բարեփոխումների, բայց դա պետք է լինի մտածված, հավասարակշռված: Հիմնական խնդրի լուծումը, որ գիտական համայնքն ակնկալում է, գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալների մեծացումն է: 

«Այդ պարագայում կունենանք ավելի հզոր գիտություն և ավելի մեծ հնարավորություններ: Մարդկային ներուժի ապահովման հարցի հետ կապված կարող եմ ասել, որ կարելի է օգտագործել, թե ներքին հնարավորությունները, թե մասնագետներ հրավիրել դրսից: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրսից մասնագետներ հրավիրելու մոդելն աշխատում է: Ամեն դեպքում դրա համար անհրաժեշտ են բավականաչափ ներդրումներ: Ասեմ, որ երիտասարդների շրջանում էլ կա հետաքրքրություն դեպի գիտությունը: Կարևորն այն է, որ ապահովվեն համապատասխան պայմանները ու հնարավորությունները, որ դա չմարի: Երիտասարդին պետք է հնարավորություն տաս, որ կարողանա ներգավվել հետազոտություններում, փորձերում: Միայն լեկցիաների մակարդակով չես կարող երիտասարդի ուշադրությունը պահել»,-հավելեց ինստիտուտի տնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել