News.am-ը գրում է․

Մեկ տարի է` իշխանությունները լծված են եղել Սահմանադրական դատարանը բռնազավթելու և իրենց համար ցանկալի կազմով համալրելու աշխատանքներին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իվետա Տոնոյանը։ 

«Մեկ տարի շարունակ իշխանության ամենաբարձր օղակների կողմից ներկայացվում էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, ինչը իրականությանը չէր համապատասխանում, բայց այո, այսօր իշխանությունների թեթև ձեռքով ՍԴ-ում ճգնաժամ կա: Հենց այս գործընթացը՝ երեք քաղաքական ուժերի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա  քրեական գործ հարուցելու մերժումը ևս տեղավորվում է իշխանությունների՝ ՍԴ-ի հետ կապված բոլոր  հակաօրինական որոշումերը օրինականացնելու տեսության մեջ»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Անդրադառնալով ՍԴ դատավորների  3 թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելուն,  Իվետա Տոնոյանը հիշեցրեց ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ  իրենց հնչեցրած բացասական գնահատականը և ընդգծեց, որ այդ դեպքում, անկախ դատավորների կենսագրությունից, իրենց  մասնակցությամբ չեն պատրաստվում օրինականացնել այդ հակաօրինական գործընթացը։

Անդրադառնալով հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ  ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների եռաչափ ձևաչափը կենսունակ չէ, Իվետա Տոնոյանն արձագանքեց, թե այսօր որևէ խնդիր եռյակի ձևաչափում չկա։

«Համագործակցությունն ընթանում է շատ արդյունավետ, կենսունակ ձևաչափով, ամենօրյա քննարկումների ռեժիմով, ստեղծված դրությամբ պայմանավորված դա երբեմն ինտերնետային ձևաչափում է տեղի ունենում, բայց դա բովանդակային մասին չի անդրադառնում»,- հավելեց Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցին նաև, թե ինչ ընթացքում է «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնությունը, որ  պատրաստվում էին  դիմել ՍԴ` հավաքների արգելքի խնդրով,  Իվետա Տոնոյանը նախ նշեց, որ ՍԴ դիմելու հետ կապված տեխնիկական խնդիրներ կային, ապա հավելեց, որ առաջիկայում կսպասեն չափանիշներին, թե արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո, պարետատունը ինչ առաջարկներով է ներկայանալու,  ի՞նչ սահմանափակումներ են հանվելու, և որոշում կկայացնեն։

«Առիթ ունեցել ենք ասելու, որ օբյեկտիվ մտահոգություններ ունենք այդ հարցի հետ կապված, որ արտակարգ դրության  շարունակականությունը իր մեջ որոշակի ենթատեքստեր է պարունակում․․․․։Արտակարգ դրության հետ միայն այս խնդիրը չէ, որ առաջ է գալիս։ Շիկացած սոցիալական վիճակը, մարդկանց չաշխատելը, եկամուտներից  զրկվելը իսկապես առաջացնելու են լրջագույն սոցիալական խնդիրներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել