Չալոն, որի ձագերին ճզմեցին Ամուլսարի պաշտպանների անիվների տակ, պաշտպանական դիրքերից մի քայլ չի հեռանում:

Այո՛, սա այն Չալոն է, որի երեք ձագերին Ամուլսարի պահնորդական ծառայության «շումախերները» ճխլեցին մեքենայի անիվների տակ։ Չալոն Ամուլսարի դիրքերի պաշտպանության առաջին օրից էստեղ է եւ մեկ օր անգամ դիրքերը չի լքել։

Ակնհայտ է, որ իրավիճակը Ամուլսարում օր օրի էլեկտրականանում է, եւ վախենամ՝ ունենանք անկանխատեսելի զարգացումներ։

Կառավարությունն իր հստակ դիրքորոշումը պիտի հայտնի Ամուլսարի շահագործման հետ կապված, եւ ժամանակ ձգելն այլեւս լուրջ ականներ է իր մեջ պարունակում։

Որքան լռի իշխանությունը, խնդիրն ավելի է խորանալու։

Կարծում եմ՝ վաղուց արդեն որեւէ մեկը չի կասկածում, որ ջերմուկցու, վայոցձորցու համար իր տան, իր երեխաների բնապահպանական անվտանգությունը կյանքի հարց է, եւ էդ պայքարում մի քայլ նահանջ չի լինելու։

Ջերմուկը եւ ընդհանրապես Հայաստանը, քանզի Ամուլսարի շահագործման դեպքում ուղղակի վտանգի տակ է նաեւ Սեւանի անուշահամ ջրերի ավազանը, չի դառնալու ցիանիդային «բասեին», ու սա պարզ է։

Հրատապ լուծումներ պետք է գտնվեն։ Ես հասկանում եմ, որ կա ներդրումների եւ երկրի ներդրումային իմիջի խնդիր, ես հասկանում եմ, որ կա միջազգային արբիտրաժի խնդիր։ Չնայած էս հարցում մասնագետների կարծիքները, որոնց հետ խոսել եմ, տարբեր են։ Ոմանք գտնում եմ, որ մենք միանշանակ կարող ենք հաղթել միջազգային արբիտրաժում, մյուսները պնդում են, որ ստիպված ենք լինելու հսկայական գումարներ վճարել։ Որեւէ մեկի տեսակետը չեմ վիճարկում։ Պարզապես հիշեցնեմ վարչապետի խոսքերը ԱԺ ամբիոնից․ «Ասում են՝ վայ, Լիդիանը դիմում է միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի։ Դիմում է, թող դիմի։ Ինչի մենք մեզ էդքան անպաշտպա՞ն ենք գզում»։

Միանշանակ համաձայն եմ վարչապետի հետ։ Մենք անպաշտպան չենք։
Մենք իրավունք չունենք Ջերմուկը դարձնելու Չեռնոբիլ։
Ու Ամուլսարը հաստատ սար է մնալու։

Հ. Գ. Երեկ ինձ զանգահարել էր Միացյալ նահանգների մեր մեծահարուստ հայրենակիցներից մեկը, եւ քննարկում էինք նաեւ համահայկական դրամահավաքի հարցը, եթե, իհարկե, դրա անհարժեշտությունը լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել