News.am-ը գրում է․

Այս հանգստյան օրերից սկսած՝ Գերմանիան պարտադիր թեսթավորումներ կմտցնի կորոնավիրուսի վարակի բարձր ռիսկ ունեցող երկրներից ճանապարհորդների համար, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ջենս Սպանը, հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ երկրում վերջին երեք ամիսների ընթացքում COVID-19-ով վարակման ռեկորդային աճ է արձանագրվել։

Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ չորեքշաբթի գրանցվել է վարակի 1045 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին ամիսների համար: Վերջին անգամ Գերմանիայում վարակի ավելի քան հազար դեպք գրանցվել է մայիսի 7-ին:

«Այն, ինչ մենք տեսնում ենք, բազմաթիվ փոքր բռնկումներ են: Մարդիկ վարակվում են ընտանեկան երեկույթներում, աշխատավայրում եւ համայնքային հաստատություններում»,- լրագրողներին ասել է նախարարը:

Միեւնույն ժամանակ դպրոցներում դասերը վերսկսելու հարցը շարունակում է մնալ օրակարգում: Արձակուրդները շուտով կավարտվեն, եւ դաշնային հողերում արձակուրդի ավարտի ամսաթվերը տարբեր են, ինչը մեծացնում է մտավախությունը, որ սովորողները կարող է վարակ բերել տուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել