News.am-ը գրում է․

Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է, բայց ամենօրյա նոր դեպքերի հայտնաբերման թվերը շարունակում են  բարձր մնալ: Այս մասին կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է: Մենք այս առումով մարտավարութան որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել և եթե նախկինում հոսքերը մեծ էր, հիմա առողջապահության նախարարությունը ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային տեղեր, խմբեր, գործարաններ սեփական նախաձեռնությամբ կգնա և ախտորոշում կիրականացնեն և սա  հնարավորություն կտա ինչ-որ ձևով հաղթահարել համաճարակը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում կա 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ, իսկ ամենապիկը ծայրահեղ ծանրերի եղել է 178: «Թվերը նվազել են, բայց մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնները ներդնելու շնորհիվ և մեր ուղերձը հստակ է, որ հակահամաճարակային կանոնները պետք է խստագույնս պահպանվեն»,-ասաց նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ կայուն անկում կա և նշեց, որ այսուհետ եթե որևէ գործարանում, բանկերում, սուպերմարկետներում մի հոգու մոտ վիրուս են հայտնաբերում, չեն սպասում սիմպտոմներ ի հայտ գալուն, այլ բոլորին թեստավորում են: «Մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել՝ միանգամից 350 հոգու և 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել