Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական ու մշակութային բազմաթիվ թելերով: Այս մասին Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարչության անունից ցավակցություն հայտնելով Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին:

Վարչապետն ասաց, որ դժվարին պահին Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի ու Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: «Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում, մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի Կառավարությանը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ԱԳՆ-ի ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության ու համայնքային կառույցների հետ: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին անհատական նվիրաբերում ցուցաբերել, հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում: Վարչապետն ասաց, որ որոշել են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ ու տեղում համայնքի կարիքներին կծանոթանա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Լիբանան օգնություն ուղարկելու համար: «Այսօր արդեն կամբողջացնենք ծրագիրը, մի քանի տարբերակներ են քննարկվում ինքնաթիռի, ու կարծում եմ, այսօր՝ օրվա վերջ, օգնության չափաքանակն ու տեսակը վերջնական ու ամբողջական կունենանք»,- ասաց նա և նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանից թռիչքը Բեյրութ տեղի կունենա շաբաթ օրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել