Armenpress.am-ը գրում է․

«Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությանը և նշել, որ այդ իրավիճակը Ռուսաստանի Դաշնության ներսում չպետք է բռնությունների ու բախումների հիմքեր ստեղծի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինձ թվում է, որ մեր իրավապահ մարմինները պետք է կենտրոնանան նրա վրա, որ երկրի ներսում այս թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնության գործադրման ու որևէ բախման համար»,- ասել է նա «ՊոլիտՍտարտափ» կադրային նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Մեդվեևւը նշել է, որ սփյուռքները ևս պետք է զգան իրենց պատասխանատվությունը: «Հակառակ դեպքում, նրանք, ովքեր խախտում են Ռուսաստանի օրենսդրությունը, անկախ նրանից, թե ինչ ազգի են նրանք պատկանում, պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն Ռուսաստանի օրենքների համաձայն: Իսկ եթե այդ խախտողներն օտարերկրյա քաղաքացիներ են, նույնիսկ` մեր բարեկամ երկրների, նրանց նկատմամբ պետք է հասկանալի միջոցներ կիրառել, նրանց պարզապես պետք է վտարել երկրից, եթե պատասխանատվության կիրառման համար այլ սկզբունք չկա»,- նշել է  Դմիտրի Մեդվեդևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել