News.am-ը գրում է․

Ոչ մի արտասահմանցի զբոսաշրջիկ զբոսաշրջային նպատակներով չի այցելել Ռուսաստան 2020 թվականի երկրորդ եռամսյակում: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան` վկայակոչելով Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության տվյալները:

«Ըստ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության վերջին տվյալների` 2020 թվականի երկրորդ եռամսյակում զբոսաշրջային նպատակներով Ռուսաստան այցելել է 0 մարդ»,- նշվում է ասոցացիայի կայքում:

Պարզաբանվում է, որ տարվա առաջին կիսամյակում ներգնա տուրիզմը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 83.6 տոկոսով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եթե մենք վերցնենք օտարերկրացիների ընդհանուր ներգնա հոսքը դեպի Ռուսաստանի Դաշնություն, ապա 2020 թվականի առաջին կիսամյակում այն 5.985 միլիոն մարդ է կազմել, ինչը 60.3 տոկոսով պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: 2020 թվականի երկրորդ եռամսյակում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործած օտարերկրացիների ընդհանուր թիվը կազմել է 509 հազար մարդ, ինչն արդեն 94.1 տոկոսով պակաս է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Առաջին տեղը զբաղեցրել են Ղազախստանի քաղաքացիները (142.990, -86.5 տոկոս 2019-ի II եռամսյակի համեմատ), որոնք ժամանել են հիմնականում ավտոմեքենայով կամ երկաթուղայինով: Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ Սահմանային ծառայության տվյալների համաձայն` ընդհանուր թվի 94 տոկոսը «սպասարկող անձնակազմն է», մնացածը մասնավոր եւ գործնական այցելություններ են: Երկրորդ տեղում են Ուկրաինայի քաղաքացիները (122.552, տարեկան -94.4 տոկոս), երրորդ տեղում Ֆիլիպիններն են, ապա Բելառուսը, Ուզբեկստանը, Թուրքիան, Հայաստանը, Չինաստանը, Ադրբեջանը եւ Ղրղզստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել