Pastinfo.am-ը գրում է․

Այս քաղաքի ամեն ծառի համար ես և՛ պատասխանատու եմ, և՛ կռիվ եմ տալու։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Վերջինս նկատեց՝ միևնույն ժամանակ նախորդ տարի հավաքել է բնապահպանների մեծ կազմ և ասել, որ գույքագրեն Երևանում այն ծառերը, որոնք արդեն կենսունակ չեն և որոնք պոտենցիալ ունեն շուռ գալու, ընկնելու մեքենաների, մարդկանց վրա. «Այդ պահին գույքագրեցինք 437 ծառ։ Հիմա 500-ից ավել է։ Անգիր հիշում եմ այդ թիվը, որովհետև այդ ժամանակ ապրում էի դրանով։ Ասացի՝ շատ կարևոր է, մեր հանրությանը պետք է զգուշացնենք, ասենք՝ այո ծառեր են, բայց այդ 437 ծառը պոտենցիալ վտանգավոր, նաև մահվան ելքով վտանգ ունեն։ Վերջերս մի մեքենայի վրա ծառ էր շուռ եկել և այդ մարդը հրաշքով փրկվել էր։ Եթե այդ մեքենայի վիճակը տեսնեիք, չէիք հավատա՝ այդտեղ մարդ լիներ, ոնց էր փրկվելու»,-ասաց Հայկ Մարությանը։

Նա նշեց, որ գրանցել են այդ 437 ծառը և սկսել ճիշտ ձևով հատել՝ զգուշացնելով, բայց այդ ծառերը գնալով շատանում են. «Ես ասել եմ, որ գնահատականներն ինձ տվեք համապարփակ։ Գնահատականներն ինձ տվեք օբյեկտիվ մի քանի մասնագետի, որ այնպես չլինի՝ մի մասնագետի ինչ-որ մեկն ուզենա լեզու գտնել նրա հետ և այդտեղ ինչ-որ շեղում ունենանք»,-նշեց Հայկ Մարությանը։

Անդրադառնալով Օպերայի գործողություններին՝ քաղաքապետը նկատեց՝ իհարկե մարդիկ գործ են արել, բայց ապօրինի է, ուրեմն պետք է հեռացվի. «Ձեզանից ոչ ոք էդ մարդկանց վատամարդ չի։ Մի հոգի կա նրանց վատամարդ ու դա ես եմ։ Ես եմ որոշումը կայացրել, որ այս կամ այն մարդու սրճարանը պետք է քանդվի, մյուսի տաղավարը պետք է դուրս գա։ Ես մի հոգու կպնելով մեկ միլիոն հոգու եմ այդ լավությունն անում։ Իմ յուրաքանչյուր որոշման մեջ գերակա շահն է»,-ասաց Հայկ Մարությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել