Այս ավտոբուսների առկայությունը մայրաքաղաք Երևանում «հիմնավորում» է դառնում ուղևորափոխադրումների գնի ավելացման համար, բայց հիմնավորում ներկայացնողները մոռանում են այն հանգամանքի մասին, որ հենց իրենք են ներկայացրել այս մեքենաների ձեռքբերման «պատմությունը»: Բոգտան Ա092 մեքենաները գնվել են 9 մլն դրամով և կարող են տեղափոխել մինչև 45 ուղևոր, քաղաքային պայմաններում 100 կմ-ի համար ծախսում են 18 լիտր դիզել, «Հունդաի» մակնիշի մեքենաները՝ մոտ 18 մլն դրամ, 100 կմ-ի համար քաղաքային պայմաններում՝ 13 լիտր դիզել, «Հայեր-բաս»՝ 45 ուղևոր տեղատարողությամբ, 22 նստատեղով, այս մեքենաների մի մասը անհատույց նվիրատվություն էր ՉԺՀ-ի կողմից, մյուս մասը երկարաժամկետ վարկավորմամբ վաճառվեց, որի արժեքը չի գերազանցում 20 մլն դրամը և քաղաքային պայմաններում 100կմ-ի համար ծախսում է 24 լիտր դիզել: Այս մեքենաներն են կազմում Երևանի տրասնպորտի հիմնական ավտոբուսային երթուղիները սպասարկող փոխադրամիջոցները: Եթե հաշվի առնենք, որ մեքենաները նախատեսված են «5» տարի շահագործման համար, ապա օրինակ Բոգդան մակնիշի ավտոբուսը, զրոյական շահույթի դեպքում, պետք է ունենա տարեկան, գոնե, 1,8 մլն դրամի շահութաբերություն, այս 1,8 մլն-ին ավելացնենք դիզելի ծախսը, մոտավոր և ուռճացված հաշվարկներով, 6.5 մլն դրամ և վարորդներին վճարվող ամսական 70000 դրամ աշխատավարձը՝ տարեկան 840,000 դրամ (ինչը չի վճարվում) և 3 մլն էլ ավելացնենք պետական տուրքերը և այլ ծախսերը, ապա մոտավոր 12 մլն դրամ գումար է ստացվում: Օրական 40,000 դրամ «գծի պլանը» գումարելով՝ ստանում ենք տարեկան 14.6 մլն. դրամ գումար: Այսինքն` 100 դրամ սակագնի պայմաններում, արդեն իսկ, գծատերը ամեն մեքենայի դիմաց ունենում է 2.6 միլիոն դրամի շահույթ, այսինքն` տարեկան մեկ մեքենայի համար ներդրած գումարից ավելին, փաստորեն անգամ այս պայմաններում գծատերը ունենում է ԳԵՐՇԱՀՈՒՅԹ:



