Armenpress.am-ը գրում է․

Հեղինակավոր The Washington Post-ը ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է վերջ դնել երկրում գործող քաղաքական ընդդիմությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածում անդրադարձ է կատարվում նաև հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին և դրանց հաջորդած քաղաքական իրադարձություններին:

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը երբեք բարյացակամ չի եղել անկախ մամուլի և այլախոհների նկատմամբ:

«Փետրվարյան խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից ճանաչվել են իրական քաղաքական մրցակցությունից զուրկ։ Հիմա, պանդեմիայի, նավթի ցածր գների և ոխերիմ Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության թեժ պահին, պարոն Ալիևը հանկարծ հայտնաբերեց թշնամիների՝ քաղաքական ընդդիմության «հինգերորդ շարասյունը» և սկսեց բանտ նետել նրանց։ Պարոն Ալիևի հիստերիան սպառնում է ոչնչացնել այն, ինչ մնացել է Ադրբեջանի անկախ քաղաքական ուժերից»,- նշվում է հոդվածում, որը ստորագրված է խմբագրական խորհրդի կողմից:

Անդրադարձ կատարելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողություններին, նշվում է, որ դրանց ընթացքում Բաքվում տեղի է ունեցել կազմակերպված հանրահավաք, ինչն էլ Ալիևն օգտագործել է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար:

«Բողոքի ակցիայի ավարտին մի խումբ մարդիկ ներխուժել են Բաքվի խորհրդարանի շենք, նախքան նրանց հեռացնելը ոստիկանությունը և ոստիկանական մի քանի մեքենաներ տապալվել են զայրացած ամբոխի կողմից: Պարոն Ալիևը բողոքը որակեց որպես «հինգերորդ շարասյան» հետապնդման պատրվակ։ Հանրահավաքի հաջորդ օրը նաև հարձակվել է խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատի վրա։ Նա պնդում էր, որ Ժողովրդական ճակատը «հայերից վատն է»»,- նշված է The Washington Post-ում:

Լրատվամիջոցը հայտնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսել են ձերբակալել կուսակցության անդամներին և այլ անձանց: Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ ներկայումս կալանքի տակ է մինչև 120 մարդ, այդ թվում՝ կուսակցության ղեկավարների որոշ տեղակալներ, ինչպես նաև լրագրողներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել