Hraparak.am-ը գրում է․

Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին նկատմամբ հետախուզումը դադարեցվել է։ Այս մասին մեզ հայտնեց նրա շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Վերջինիս խոսքով՝  նման որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնությունը․ «Ինքը ՌԴ-ում ապրում է իքս հասցեում, անտրամաբանական է հետախուզում մի մարդու նկատմամբ, որի գտնվելու վայրը բոլորի համար պարզ է»։

Հարցին՝ Հայրապետյանը ՌԴ քաղաքացի՞ է, պատասխանեց․ «Չեմ կարող պատասխանել այդ հարցին, տեղեկություն չունեմ»։

Հայրապետյանը մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար։ Նույն արարքների համար մեղադրվում է նաև որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, ևս 4 հոգի։ Ռաֆիկ Հայրապետյանի և ևս երկուսի նկատմամբ իրավապահները հետախուզում են հայտարարել օրեր առաջ։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։

Բացի մեղադրյալի կարգավիճակից, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Ֆուտբոլի ֆեդերացիային առնչվող քրեական գործով ունի վկայի կարգավիճակ։ Նրա պաշտոնավարման տարիներին Ֆեդերացիայում չարաշահումների գործը հարուցվել էր 4 հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել