Armenpress.am-ը գրում է․

ՀՀ քննչական կոմիտեն ձեռնարկում է միջոցառումներ՝ պարզելու համար Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի խնձորի այգիների մոտ հայտնաբերված դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները և պատճառը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2020թ. հուլիսի 28-ին՝ ժամը 15:10-ին, Կոտայքի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Գեղի բնակավայրի խնձորի այգիների մոտ դի կա:

 Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ՝ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ ավտոճանապարհից դեպի խնձորի այգիներ, դաշտամիջյան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող խողովակի միջից, հայտնաբերել անհայտ տղամարդու դիակ՝ քայքայված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ գլուխը բացակայում է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են նմուշներ՝ դատագենետիկական փորձաքննություն նշանակելու համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մահացած տղամարդու ինքնությունը, մահվան պատճառը պարզելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել