Hraparak.am-ը գրում է․

2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմերը սկսեցին փոխվել, սակայն մինչ այժմ անվանի համալսարանների խորհուրդները կիսատ-պռատ վիճակներում են։ Թեպետ մի քանի բուհեր  իրենց թեկնածուների ցանկն արդեն ներկայացրել են, բայց կառավարությունը այդ մասով լռում է։

ԿԳՄՍ նախարարությունից փորձեցինք ճշտել՝ ի վերջո ե՞րբ են ձեւավորվելու հոգաբարձուների խորհուրդները։

Նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ մոտ ժամանակներում խորհուրդների վերջնական կազմը կհամալրվի եւ կուղարկվի վարչապետին՝ ստորագրելու․ «Ընթացքի մեջ են։ Պրոֆեսորադասախոսական կազմից ու ուսանողներից արդեն ներկայացրել են նախարարություն, լիազոր մարմնի անդամները եւ հիմնադրի կողմից ներկայացվող թեկնածուները կներկայացվեն շուտով՝ մոտ օրերս վարչապետի հաստատմանը։

-Պատճառը ո՞րն էր, որ այսքան երկար տեւեց խորհուրդների ձեավորումը։

-Ընդհանուր առմամբ, պատճառը մեր Հանրապետությունում նույնն է․ այս համաճարակով պայմանավորված բոլոր պրոցեսները կամ երկարում են, կամ դանդաղում են, որովհետեւ խնդիր է առաջանում՝ նոր լուծումներ, նոր ձեւակերպումներ, մեխանիզմներ, ծանրաբեռնված է շատ նախարարությունը, բայց օրենքի շրջանակում ամեն ինչ հսկողության տակ է։ Մի խոսքով՝ շուտով խորհուրդների կազմերը կհրապարկվեն վարչապետի հաստատումից հետո։

-Բայց ուսանողները եւ դասախոսները ներկայացրել էին իրենց ցանկը, ինչո՞ւ էիք դուք ուշացնում։

-Այո, պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողության ներկայացուցիչներն իրենցն ուղարկել էին, բայց կանոնադրության համաձայն՝ այդ խորհրդի մեջ հիմնադրի եւ լիազոր մարմնի ներկայացուցիչներն են, որոնք պետք է համաձայնությամբ ներառվեն խորհրդի մեջ։ Այդ ընթացքի մեջ է, արդեն ավարտվում է եւ որոշման նախագիծը կներկայացվի վարչապետի հաստատանը։

-Քանի՞ բուհի մասին է խոսքը։

-Այս պահի հերթականությամբ այն բուհերը,որտեղ խորհրդի ձեւավորման կարիք կա՝ ԵՊՀ-ն, Բժշկականը՝ առաջնային։

-Իսկ Երեւանից դուրս գտնվող բուհերը․․․

-Երեւանից դուրս բոլոր բուհերի խորհուրդները դեռեւս իրենց ժամկետում են։ Խորհրդի լիազորությունների 5 տարին դեռեւս չի լրացել, հետեւում ենք մենք, ժամանակին այդ խորհուրդները կհամալրվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել