Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի` հուլիսի 18-ին իր և իր թիմակիցների հասցեին արված խիստ քննադատական գրառմանը, որտեղ տեղ էր գտել նաև մեղադրանք, որ Նիկոլի իշխանությունը երկիրը ողողել է այնպիսի ՀԿ-ներով, որոնք հակառուսական տրամադրություններ են սերմանում ռուսաստանցի երիտասարդների մեջ և սովորեցնում են վերջիններիս, թե ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում։ Սիմոնյանը նաև գրել էր, որ Հայաստանը Հարավային Կովկասում դարձել է հակառուսական ուժերի պլացդարմ։

Այս խնդրին անդրադառնալով` Հայաստանի վարչապետը, ինչպես շատ հաճախ է լինում, հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն կրկին դիմել է դեմագոգիայի՝ անդրադառնալով հարցի ընդամենը մի փոքր մասին և անտեսելով բուն խնդիրը։

Միակ բանը, որին Նիկոլը ճիշտ է արձագանքել, այն է, որ հակառուսական ՀԿ-ները Հայաստանում սկսել են գործել դեռ նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Իմ կողմից ավելացնեմ, որ եթե Քոչարյանի օրոք նրանք բավական զգույշ էին հակառուսական իրենց տրամադրություններն արտահայտում, ապա Սարգսյանի օրոք դա անում էին բացեիբաց։

Սակայն Նիկոլ Փաշինյանը չի անդրադարձել ամենակարևոր խնդրին։ Եթե նախորդ նախագահների օրոք այդ հակառուսական ՀԿ-ներն ընդամենը գործում էին հասարակական դաշտում, ապա իր՝ Նիկոլի իշխանության գալուց հետո այդ հակառուսական ՀԿ-ների 99 տոկոսը դարձել են իր իշխանության փայատերերից և թելադրում են իրենց քաղաքականությունը Հայաստանի իշխանություններին։ Նիկոլը չի ցանկանում բացահայտել, որ, օրինակ, ժողովրդական լեզվով ասած, Սորոսի գրասենյակի կողմից հովանավորվող բազմաթիվ հակառուսական ՀԿ-ների ներկայացուցիչներ իր թիմի կարկառուն դեմքերից են։ Եթե Նիկոլը մտածում է, որ Մոսկվայում չգիտեն, թե, օրինակ, ԱԺ նախագահը՝ իր երկու քայլիստ տեղակալներով, բազմաթիվ պատգամավորներ, ԱԽՔ քարտուղարը, ԿԳՄՍ և շատ այլ նախարարներ, մարզպետներ և այլ պաշտոնյաներ ինչ հակառուսական տրամադրություններ են ունեցել մինչ իշխանության գալը և ինչ ՀԿ-ներից են սնվել, չարաչար սխալվում է։

Նիկոլը նաև չի անդրադարձել այն փաստին, որ 2018 թ․-ի մայիսից հետո այդ նույն ՀԿ-ները Հայաստանի տարածքում ռուսաստանցի երիտասարդների համար սեմինար-դասընթացներ էին կազմակերպում, թե ինչպես կազմակերպել «թավշյա հեղափոխություն» ՌԴ-ում, որը բացառված էր Քոչարյանի և Սարգսյանի նախագահության տարիներին։

Հ.Գ. «Դուխով» Նիկոլն այնքան «դուխ» չունեցավ, որ ընդունի այդ անհերքելի փաստը և ճողոպրեց այդ թեմայից՝ «մոռացության» տալով Մարգարիտայի՝ իրեն ուղղված քննադատության հակառուսական թեման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել