Ամեն անգամ մեր տեքստերում «Թուրքիայի պանթուրքիստական նկրտումները» արտահայտությունը կարդալիս կրկին համոզվում եմ, թե ինչ կարգի է մեր քաղաքական, փորձագիտական միտքը մնացել 19-20-րդ դարերի կաղապարների տակ։

Թուրքիան վաղուց արդեն չունի «պանթուրքիստական նկրտումներ»։ Պանթուրքիզմը, պանթուրանիզմը, պանիսլամիզմը, հակագաղութարարական հռետորաբանությունն ընդամենը գործիքներ են Թուրքիայի «նորօսմանյան» (իմա՝ իմպերիալիստական) օրակարգերն աշխարհի տարբեր մասերում առաջ մղելու համար։

Ռուսաստանի, Միջին Ասիայի թյուրքախոս ժողովուրդների, մոնղոլների կամ ույղուրների հետ աշխատելիս պանթուրանիստական գաղափարախոսությունն են կիրառում, Ադրբեջանի հետ՝ պանթուրքիստական, արաբների հետ՝ պանիսլամական (ավելի ճիշտ՝ սունիական) և հակաիսրայելական, Աֆրիկայի ժողովուրդների հետ աշխատելիս եվրոպական գաղութարարներին են որպես ընդհանուր թշնամի ցույց տալիս։

Եւ այնպես չէ, որ թեկուզ նույն Միջին Ասիայի պետությունների հետ միշտ հաջողվում է իրենց այդ աշխատանքը։

Եթե մենք ի վերջո չստեղծենք մեր ազգային շահերը սպասարկող գիտահետազոտական դպրոցներ (ոչ թե մեկ, այլ մի քանի, իրար հետ մրցակցող), կրթական համակարգ, ապա մնալու ենք կա՛մ արխայիկ միֆականացված կաղապարների, կա՛մ էլ դրսից ներկրվող ծաղրանկարային, second-hand լիբերալ միֆերի հույսին՝ ընկալելով դրանք որպես գիտելիք, շարունակելով է՛լ ավելի կտրվել տարածաշրջանային իրականությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել