Ըստ Forbes-2020-ի՝ մոլորակի ամենահարուստ մարդը 56-ամյա Ջեֆ Բեզոսն է, ով ունի շուրջ 113 միլիարդ դոլար կարողություն:

Ջեֆ Բեզոսը ծնվել և աշխատում է ԱՄՆ-ում, որտեղ էլ հիմնել ու շարունակում է զարգացնել իր բիզնեսը: Նրա հիմնական ակտիվը Amazon օնլայն գնումների հարթակն է: Ջեֆն Amazon-ը հիմնել է 1994 թ. սեփական ավտոտնակում: 25 տարի շարունակ ակտիվորեն զարգացնելով Amazon-ը՝ 2018 թ. Բեզոսն առաջին անգամ դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը և պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրեց Forbes-ի ցանկում:

Այսօր նա տնօրինում է իր հիմնած ընկերության միայն 12%-ը, ինչպես նաև Ջեֆ Բեզոսին են պատկանում The Washington Post-ի բաժնեմասեր, Blue Origin օդատիեզերական ընկերության բաժնեմասեր: Ի դեպ, Amazon-ն այն քիչ կազմակերպություններից մեկն է, որը կորոնավիրուսային համաճարակի պայմաններում ոչ միայն կորուստներ չի կրել, այլև էականորեն բարձրացրել է իր արժեքը. 2020 թ. հուլիսի սկզբին Amazon-ի բաժնետոմսերը հասան պատմական բարձր արժեքի՝ 3026$-ի: Համեմատության համար պետք է նշել, որ նույն ժամանակահատվածում Microsoft-ի բաժնետոմսն արժեր 214$, Apple-ինը՝ 384$, Tesla Motors-ինը՝ 1542$:

2020 թ. սկզբին Ջեֆ Բեզոսը հայտնեց, որ պատրաստվում է հիմնել էկոլոգիական բարեգործական Bezos Earth Fund ֆոնդը և 10 միլիարդ դոլար նվիրաբերել կլիմայական փոփոխությունների կանխմանն ուղղված ծրագրերին:

Մեծ աղմուկ բարձրացրեց նաև նրա ու կնոջ ամուսնալուծության լուրը. 2019 թ. սկզբին Ջեֆը 25 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվեց Մակքենզիից, ով ստացավ ընկերության բաժնետոմսերի 4%-ը, այսինքն՝ 38 միլիարդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել