Hraparak.am-ը գրում է․

Մոսկվայում ՀՀ դեսպանությունը հայրենակիցներին հորդորել է չտրվել սադրիչ գործողություններին և չմասնակցել չհամաձայնեցված ակցիաներին՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր հայրենակիցներին կոչ ենք անում զգոն լինել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, չտրվել հնարավոր սադրիչ գործողություններին, զերծ մնալ չհամաձայնեցված ակցիաներին (անհատների կողմից) մասնակցությունից ու կազմակերպումից, նաեւ պատասխան գործողություններից՝ կապված հայտնի իրադարձությունների հետ, եւ մշտական կապ պահպանել դիվանագիտական առաքելության և համայնքային կազմակերպությունների հետ, ինչպես նախկինում, թույլ չտալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հնարավոր խախտումներ և զգոն մնալ՝ պահպանելով անհրաժեշտ սանիտարական և համաճարակաբանական նորմերը հանրային վայրերում», — ասված է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:

Բացի այդ, դեսպանատունը հայտնել է, որ Ռուսաստանում ապրանքների վաճառքի հարցում խոչընդոտների հանդիպած հայ ձեռնարկատերերը և ներմուծողները անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն կունենան:

«Մենք նաև խնդրում ենք ձեզ առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ: Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ծանր իրավիճակում հայտնված մեր ներմուծողներին՝  համերաշխության և աջակցության համար»,- ասված է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Շաբաթ օրը Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել էր, որ դիվանագիտական առաքելությունը տեղեկատվություն է ստանում մրգեր արտահանող ընկերությունների ներկայացուցիչներից, վարորդներից՝ «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնի կողմից վարչական խոչընդոտների եւ կազմակերպության տարածք մուտք գործելու անհնարինության մասին: Այսօր դիվանագետը հայտնել է, որ Մոսկվայում Հայաստանից բերված մրգերի առևտրի հետ կապված խնդիրը կարգավորվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել