Armenpress.am-ը գրում է․

Միացյալ ազգերի կազմակերպությունը հրապարակել է երկրների Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ը, որտեղ Հայաստանը 2018 թվականի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով՝ 193 երկրի շարքում զբաղեցնելով 68-րդ տեղը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ դեպի ծով ելք չունեցող երկրների շարքում Հայաստանը աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն Ղազախստանին։

«Մենք ցանկանում ենք կառուցել տեխնոլոգիապես զարգացած, հզոր ու նորարար երկիր, ստեղծել մարտահրավերներին դիմագրավող և ընթացող բեկումնային փոփոխություններից առավելագույնը քաղող պետական համակարգ: Այս նպատակներին հասնելու համար առանցքային դեր ունի թվայնացումը և էլեկտրոնային կառավարումը»,-գրել է Ավինյանը:

ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման 2018 թվականի հետազոտության համաձայն՝ Հայաստանը Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչում ուներ 0.5944 ցուցանիշ, մինչդեռ 2020 թվականին այն արդեն 0.7136 է:

Տիգրան Ավինյանը շեշտել է, որ հետազոտության արդյունքներով Հայաստանը էլեկտրոնային մասնակցության ցուցիչով նույնպես զգալիորեն բարելավել է դիրքերը 2018 թվականի համեմատ՝ արդյունքում ընդգրկվելով ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների խմբում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել