Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով հուլիսի 16-ին պաշտոնից ազատված արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում խոսել է ապագայի ծրագրերի մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

«Պաշտոնը հավերժ չէ, այդ իսկ պատճառով ես ինձ լավ եմ զգում: Ես այդ պաշտոնին շատ տարիներ եմ աշխատել: Տանը նստած եմ, ապագայի վերաբերյալ ոչ մի ծրագիր չեմ կազմել: Երբ որոշում ընդունեմ, խոստանում եմ կիսվել ձեզ հետ»,- ասել է Մամեդյարովը` խուսափելով պատասխանել այն հարցին, թե արդյոք կմնա՞ Ադրբեջանում, թե՞ կմեկնի ԱՄՆ` իր երեխաների մոտ:

Նախկին նախարարը նաև իր կարծիքն է հայտնել իր իրավահաջորդի մասին:

«Հաջողություններ եմ մաղթում Ջեյհուն Բայրամովին, նա շատ գրագետ մարդ է: Մենք անձամբ ենք ծանոթ»,- ասել է Մամեդյարովը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ադրբեջանի նախագահի հրամանագրով Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնից: Ադրբեջանի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ադրբեջանի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնում:

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն էր հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: Նա ընդգծել էր, որ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ այժմ նպատակի չի հասել, քանի որ Հայաստանը դեռ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

Ալիևը նշել էր, որ արտաքին գործերի նախարարը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին, երբ սկսվել են իրադարձությունները Ադրբեջանի և Հայաստանի սահմանին:

«Ի՞նչ էր անում արտգործնախարարը: Որտե՞ղ էր նա: Մենք գտնվում էինք աշխատավայրում հուլիսի 12-ի դեպքերից հետո: Վարչապետը՝ աշխատավայրում, ես մինչև առավոտ աշխատանքի էի: Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև Պետական անվտանգության ծառայության պետը, Ներքին գործերի նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատում էին մինչև առավոտ: Արտաքին գործերի նախարարին չկարողացա գտնել», - նշել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել