Shamshyan.com-ը գրում է․

Հուլիսի 14-ին Երեւանի Սարի Թաղում հնչած կրակոցների գործով կա կասկածյալ:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դա Սարի Թաղի բնակիչ, 39-ամյա Մհեր Ֆարսյանն է, ով կասկածվում է հուլիսի 14-ին Սարի Թաղի բնակիչ՝ 27-ամյա Ս. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Ֆարսյանի հարազատի նկատմամբ ամիսներ առաջ Սարի Թաղում նույնպես կատարվել էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ, իսկ նրան ոստիկանները մեկ այլ հանցագործության համար ձերբակալել էին, սակայն դատարանը ազատ էր արձակել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Ֆարսյանին եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին կրակոցներ էին հնչել Երեւանում. ժամը 23։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիական ավտոմեքենայով հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածն է Երեւան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Հովհաննիսյանը։ Ըստ բժիշկների՝ վերջինս գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում եւ ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու։

Իրավապահները պարզել էին նաեւ, որ վիրավորը հիվանդանոց էր տեղափոխվել Սարի Թաղի 26-րդ փողոցի 26 եւ 13 տների դիմացից եւ ժամանելով դեպքի վայր՝ այնտեղ հայտնաբերել էին ավտոմատից կրակված 2 պարկուճ, արնանման բազմաթիվ հետքեր, BMW X5 մակնիշի ավտոմեքենա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 1-ին կրակոց էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Սարի Թաղից։ Մինչ բժիշկները բժշկական օգնություն էին ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել էին, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Սարի Թաղի 28 փողոցից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել