ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով իրականացվել են հակառակորդի կողմից մոտավորապես 120 կրակոցներ, խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում՝ մեծ տրամաչափի, չի կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Այս մասին այսօր ճեպազրույցին ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակոցները իրականացվել են ոչ միայն վերջին օրերի Տավուշի բուն մարտական գործողությունների շրջանում, այլ Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում՝ նաև Նոյեմբերյանի ուղղությամբ:

Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում, երկրորդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջևանյան հատվածում՝ չորրորդ և հինգերորդ բանակային կորպուսների հատվածում»,- ասաց նա և նշեց, որ Գեղարքունիքի և Նախիջևանյան հատվածում առանձին գոծողություններ չկան, կան զուտ կրակոցներ, գործողություներ տեղի չեն ունեցել:

«Չինարի գյուղի բնակչի առողջական վիճակը կայուն է, տեղափոխվել է Երևան, կյանքին վտանգ չի սպառնում: 11 թե 12 տոկոս այրվածքներ ունի»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ բնակիչներին տարածքից հեռացնելու անհրաժեշտություն չկա այս պահին: «Բնակիչները մնում են իրենց համայնքներում, ամեն ինչ արվելու է իրենց ապահովության համար: Եթե որևէ ծրագիր կլինի, ապա դա չի լինի անհատական, այլ կլինի համընդհանուր կազմակերպված ծրագիր, առայժմ դրա կարիքը չկա»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել