keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ադրբեջանը տեղեկատվական նախապատրաստությու՞ն է իրականացնում

visibility 300 commentմեկնաբանել

Hraparak.am-ը գրում է․

Հակառակորդի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ անցած գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրել է հարաբերական հանգստություն, բայց ընդհանուր լարվածությունը պահպանվում է: Այնուհետեւ հաղորդագրության մեջ տեղ են գտել արդեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի մասին ձեւակերպումներ, ըստ որոնց՝ «ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծվել են Թարփառի շրջանի օկուպացված Գյոյարխ, Չիլաբյուրտ, Աղդամի շրջանի Յուսիֆջանլի, Մարզիլի, Խոջավենդի շրջանի Կուրոպատկիոն, Ջեբրայիլի շրջանի Նյուզգար եւ Մեհդիլի, Ֆիզուլիի շրջանի Քարվենդ, Գորգան, Քյուրդլար, Հորադիզ գյուղերի մոտ տեղակայված դիրքերից, ինչպես նաեւ Գերանբոյի, Թարթառի, Աղդամի, Խոջավենդի եւ Ֆիզուլու շրջանների անանուն բարձունքներից»:

Հուլիսի 12-ից ի վեր առաջին անգամ է, որ Ադրբեջանը խոսում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին՝ իհարկե, մեղադրելով հայկական կողմին: Բաքվի տեղեկատվական քաղաքականությունը հուշում է, որ հակառակորդը շփման գծում հնարավոր լարվածության հող է նախապատրաստում: Հայ-ադրբեջանական սահմանին ստանալով ցավոտ հակահարված եւ ունենալով դիրքային կորուստներ, որոնք վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկված հատուկ գործողությունը նույնպես ձախողվել է, հակառակորդը, հավանաբար, նախապատրաստվում է Արցախի ուղղությամբ բախումներ հրահրել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտնել է, որ երկու՝ արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների խողովակներով Մոսկվան աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ հասնելու իրավիճակի կայունացման: Պարզ ասած՝ ընթանում են ոչ հրապարակային բանակցություններ: Ռազմական առումով Ադրբեջանը հայտնվել է ոչ շահեկան իրավիճակում եւ, ըստ երեւույթին, փորձելու է Տավուշում կորցրածի դիմաց իր համար նպաստավոր իրավիճակի հասնել արդեն Արցախի ուղղությամբ: Նախիջեւանում իրավիճակ սրելու Բաքվի փորձն արժանացել է ռուսական եւ իրանական կողմերի խիստ նախազգուշացման: Ալիեւին մնում է սադրանքներ հրահրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝