«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղատներում այս օրերին վիտամինային, այլ կերպ ասած՝ իմունիտետ բարձրացնող դեղերի դեֆիցիտ է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում այն քաղաքացիներից, որոնք այցելելով դեղատներ՝ պարզում են, որ C վիտամին (եթե կա, ապա սահմանափակ քանակությամբ), ցինկ կամ երկաթ չկա: Դեղատան աշխատողները պատճառաբանում են, որ կորոնավիրուսի պատճառով դրա պահանջարկը բարձրացել է, ինչի արդյունքում եղածն էլ սպառվել է. պատվիրում են, բայց չեն ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցեց. «C վիտամինի խնդիր չկա, ներմուծում ենք և կա տեղական արտադրություն, իսկ ցինկը մեր դաշտում չէ, դա սննդային հավելում է»:

Ստացվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարևոր և պահանջված ցինկը նախարարության դաշտում չէ: Մինչդեռ մասնագետների պնդմամբ՝ իմունային համակարգն ամրապնդելու միջոցներից մեկը ցինկն է. այս հանքանյութն օգնում է վիրուսային վարակներին դիմագրավելու հարցում։ Նույն մասնագետների խոսքերով՝ ցինկը կարող է կարևորագույն դեր ունենալ ՔՈՎԻԴ-19 պանդեմիայի հաղթահարման գործում։ Բայց, արի ու տես, հայաստանյան դեղատները ցինկով ապահովված լինել-չլինելու հարցը նախարարության լիազորություններից դուրս է: Դեղատներում նաև հակաբիոտիկների դեֆիցիտ է: Օրինակ՝ այս օրերին «Ազիմակ» կոչվող հակաբիոտիկ չկա դեղատներում: Բժիշկները դրա փոխարինողն են նշանակում պացիենտներին:

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների խոսքերով՝ բժիշկը դեղատոմսում միանգամից նշում է մի քանի հակաբիոտիկների անուններ՝ լավ իմանալով, թե որը կարող է պացիենտը գտնել դեղատնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել