Hraparak.am-ը գրում է․

Կորոնավիրուսը Հայաստանի տնտեսության վրա էական բացասական ազդեցություն թողեց, որն արդեն ունի իր թվային արտահայտությունը։ Պետեկամուտների կոմիտեն օրերս հրապարակեց 2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված եկամուտների պատկերը, որը բավականին զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թվերին։ Մասնավորապես, ըստ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին 6 ամսում հավաքագրվել է 680.3 մլրդ դրամի հարկային եկամուտ: Այդ թվում՝ հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 622.2 մլրդ, իսկ մաքսային մարմնի կողմից` 123.4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի եւ հիպոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսվարողներին վերադարձվել է 65.3 մլրդ դրամ գումար:

Մինչդեռ 2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 712.8 մլրդ դրամ հարկային եկամտի հավաքագրում: Այսինքն՝ այս տարի նախորդ տարվա համեմատ 32.5 մլրդ դրամով պակաս եկամուտ է հավաքագրվել։ Սա՝ հարկային ու մաքսային եկամուտները միասին վերցրած, մինչդեռ ՊԵԿ-ը հարկ է համարել անցյալ տարվա համեմատ հավաքագրումների տարբերությունը ցույց տալ միայն հարկային եկամուտների մասով, որը կազմել է 17.6 մլրդ դրամ կամ 2.3%: Իսկ ընդհանուր հարկայինն ու մաքսայինը միասին վերցրած՝ նվազումը, ինչպես նշեցինք, կրկնակի ավելի է՝ 32.5 մլրդ դրամ։ Սա մոտավորապես այնքան է, որքան պետական ապարատի աշխատողների պարգեւավճարները։ Սակայն, ինչպես գիտենք, պետական ապարատը շարունակում է իրեն շռայլորեն պարգեւատրել։ Օրինակ՝ Ազգային ժողովը, քաղաքապետարանն ու իր վարչական շրջանները եւ այլ գերատեսչություններ շարունակում են իրենց կատարած «անդուլ աշխատանքի» դիմաց պարգեւավճարներ ստանալ բյուջեի հաշվին։

Ամբողջ խնդիրն այն է, որ անգամ այս իրավիճակում կառավարությունը, վերջնականապես ձախողելով հանդերձ կորոնավիրուսի դեմ պայքարը, շարունակում է տնտեսության մեջքին խփել՝ ամեն անգամ եւս մեկ ամսով արտակարգ իրավիճակը երկարաձգելով։ Սրանով գրեթե ամբողջովին պարալիզացրել են տնտեսությունը, մի շարք ոլորտներ կանգնած են վերջնական սնանկացման եզրին, կորոնավիրուսն էլ, ինչպես տեսնում ենք, չի նահանջում, որ գոնե դրանով՝ հանրային առողջությամբ արդարացնեն տնտեսության փլուզումը, ինչը, բնականաբար, վաղը շատ ավելի աղետալի հետեւանքների է հանգեցնելու։ Խոսքը, մասնավորապես, տնտեսության այն ճյուղերի մասին է, որոնց գործունեությունն արգելված է՝ մշակութային օջախներ, խաղատներ, զբոսաշրջային կազմակերպություններ եւ դրանց սպասարկող օղակներ՝ հյուրանոցներ, տաքսի-ծառայություններ, ռեստորաններ եւ այլն։

ՊԵԿ-ում արդեն մտավախություն ունեն, որ տարվա վերջին բյուջեով նախատեսված պլանը չեն կարողանա կատարել։ Այսօր արդեն բյուջեն խնդիրներ ունի կառավարության հայտարարած սոցիալ-տնտեսական միջոցառումները ժամանակին ու ըստ պատշաճի կատարելու հարցում, ասում են՝ փող չկա, ուր մնաց՝ մի քանի ամիս անց փողի խնդիր չունենան։ Եվ սա՝ բացառապես կառավարության վարած անհեռատես ու սխալ քաղաքականության հետեւանքով։ Ասում են՝ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի դուրս գալու պատճառը նաեւ սա էր, որ նա որոշակի անհամաձայնություններ ուներ կառավարության որդեգրած տնտեսական ծրագրերի հետ եւ մտավախություններ՝ առաջիկա հավաքագրումները նախատեսվածի չափով իրականացնելու մասով, ուստի թողեց դուրս եկավ, որ վաղը քավության նոխազ չդառնա, եւ իրեն չմեղադրեն սոցիալ-տնտեսական քաղաքականությունը տապալելու համար։ Հիմա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է նորանշանակ նախագահի՝ Էդվարդ Հովհաննիսյանի վրա։ Եթե, իհարկե, նա էլ մինչեւ տարվա վերջ դիմում չգրի հեռանա, ինչն արդեն միանգամայն նորմալ երեւույթ է դարձել գործող իշխանությունների ձեւավորած կառավարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել