Այս գիշեր՝ ժամը 3.40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներն՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դիրքը գտնվում է Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ, եւ հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները:

Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը եւ, անցնելով շրջանաձեւ պաշտպանության,  կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը ետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր եւ վիրավորները, կորցնելով տեխնիկա:

Այնուհետեւ Ադրբեջանի ստորաբաժանումները ժամը 5.20-ից սկսել են հրետակոծել Այգեպար եւ Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ եւ Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարեւան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել եւ իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:

Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր եւ վիրավորները չկան ոչ զինվորականների, ոչ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասաց նա:

Վարչապետը նաեւ հավելեց, որ վերջին օրերին, սկսած կիրակի օրվանից, ադրբեջանական կողմը հրետակոծել է Այգեպար, Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, որի հետեւանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ. «Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները եւ տալ գնահատական»,- ընդգծեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել