Hraparak.am-ը գրում է․

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կառավարության նիստերին չի մասնակցում։ Նա կա՛մ թքած ունի Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության վրա, կա՛մ կառավարությունում նրան «մարդու տեղ» չեն դնում եւ չեն հրավիրում նիստերին։ Կառավարություն մեր զանգից ու մի քանի հարցադրումներից հետո հասկացանք, որ թե՛ մեկն է, թե՛ մյուսը, բայց ավելի շատ՝ երկրորդը։ Կա նաեւ այլ պատճառ, թե ինչու Հայկ Մարությանը չի մասնակցում ՀՀ կառավարության նիստերին՝ վախը։ Հայտնի է, որ Մարությանը տարատեսակ ֆոբիաներ ունի, հատկապես՝ վիրուսների ու հիվանդությունների նկատմամբ, դրա համար նա անգամ քաղաքապետարան աշխատանքի նորմալ չի գնում եւ, առհասարակ՝ համաճարակի սկզբից էլ գրեթե ոչ մեկի հետ չի շփվում։ Իսկ եթե գնում էլ է աշխատանքի, ապա փակվում է իր սենյակում եւ փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրի կամ որոնց ծանոթանա, «Կարգին հաղորդման» հայտնի լահմաջոների նման, դռան արանքից է ստանում։

Մի խոսքով՝ մայրաքաղաքի ղեկավարի մոտ այս հարցում հիվանդագին դրսեւորումներ կան։ Ու չի բացառվում՝ կառավարության նիստերին էլ Մարությանը հենց վարակվելու վախից է, որ չի հաճախում։ Սրանից կարելի է եզրակացնել, որ քաղաքի, երկրի ու կառավարությունում քննարկվող հարցերին անպատասխանատու, անլուրջ ու մատների արանքով է վերաբերվում։

Մինչդեռ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը միշտ ներկա էր կառավարության նիստերին, ակտիվ մասնակցում էր քննարկվող հարցերին, իսկ եթե ինքն էլ գործուղման էր լինում կամ բացակայում էր երկրից, ապա նրա տեղակալն անպայման փոխարինում էր։ Չէ որ Երեւանը մեր հանրապետության երկու երրորդն է՝ ե՛ւ ազգաբնակչության քանակով, ե՛ւ խնդիրների, ուստի կառավարությունը չի կարող որեւէ հարց քննել կամ որոշում ընդունել առանց մայրաքաղաքի տնտեսության թիվ 1 պատասխանատուի։ Բայց դա առաջ էր՝ «գող ու թալանչի» նախկինների օրոք։ Հիմա՝ թանկ գնով «կամազ»-ներ ձեռք բերող կամ «նվեր ստացած» «կամազ»-ների հաշվին հարցեր լուծող քաղաքային իշխանությունների օրոք, լրիվ այլ մոտեցումներ են գործում, եւ բոլորովին այլ վերաբերմունք կա ձեւավորված գործադիր իշխանության նիստերի եւ, առհասարակ՝ աշխատանքի նկատմամբ։

Երեկ փորձեցինք կառավարության լրատվականից ճշտել՝ Հայկ Մարությանն այս տարի՝ հունվարից մինչ օրս, կառավարության քանի՞ նիստի է մասնակցել, եւ ինչո՞վ են բացատրում Մարությանի բացակայությունները։

Կառավարության լրատվականից ասացին՝ ոչ մի նիստի չի մասնակցել։ Ապա հղում արեցին «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքին, որտեղ ասվում է․ «Կառավարության նիստերին պարտադիր մասնակցում են կառավարության անդամները։ Վարչապետի հրավերով՝ կառավարության նիստերին կարող են մասնակցել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները՝ կախված կառավարության տվյալ նիստում քննարկվող հարցերի բնույթից»։

Այսինքն՝ վարչապետը չի՞ հրավիրել, թե՞ հրավիրել է՝ Մարությանը չի եկել նիստին, ինչը քիչ հավանական է։ Կառավարության լրատվական վարչությունից ասացին․ «Եթե չի մասնակցել, ուրեմն դրա կարիքը չի եղել, որպեսզի վարչապետը հրավեր ուղարկի, քաղաքապետն էլ մասնակցի կառավարության նիստին։ Օրինակ, անցած տարի՝ 2019 թվականին, եղել են նիստեր, որոնց մասնակցել է, այս տարի դեռեւս չի եղել»։

Փաստորեն, ստացվում է՝ կառավարության նիստում վերջին 6 ամսվա ընթացքում չի եղել որեւէ հարց, որը կարող էր դույզն-ինչ առնչվել մայրաքաղաքի խնդիրներին, կամ որոնց վերաբերյալ Երեւանի քաղաքապետն ասելիք ունենար։ Բայց չէ որ կառավարության վերջին չորս ամիսների նիստերին, օրինակ՝ արտակարգ դրության, կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ հարցեր են քննարկվել, եւ ինչպե՞ս կարող է մայրաքաղաքի պատասխանատուն դրանց քննարկմանը չմասնակցել։ Ասենք, վերջին նիստում քննարկվել է պետական հիվանդանոցները կենտրոնացված կառավարման հանձնելու հարցը, իսկ այդ հիվանդանոցները գտնվում են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Հայկ Մարությանը համաձա՞յն է այդ օրինագծին, չունի՞ առարկություններ, ինչպե՞ս է պատկերացնում քաղաքի ենթակայության տակ գտնվող հաստատությունների կառավարման հանձնումն առողջապահության նախարարությանը։ Աշխարհի բոլոր երկրներում համաճարակի դեմ պայքարը հենց քաղաքապետերն են գլխավորում․ Մոսկվայի քաղաքապետն անգամ հիվանդանոցներ է այցելում՝ կորոնավիրուսով հիվանդներին, ավելի շատ է երեւում եթերում, քան երկրի ղեկավարն ու վարչապետը։

Կամ՝ համաճարակի դեմ պայքարի կարեւոր բաղկացուցիչներից է փողոցներն ու շենքերն ախտահանելու հարցը, դարձյա՞լ Երեւանի քաղաքապետը զրո առնչություն ունի այդ ամենի հետ, կարծես կորոնավիրուսն ու դրա դեմ պայքարը Երեւան քաղաքի հետ կապ չունեն։ Չկա կառավարության որեւէ նիստ, որտեղ Երեւանին առնչվող հարցեր չքննվեն, բայց քաղաքի փաստացի ղեկավարը բացակա է, հետաքրքրված չէ այդ խնդիրներով, թաքնվում է վարակից, խուսափում է շփվել մարդկանց հետ։

Իսկ գուցե մեր մայրաքաղաքին նոր քաղաքապե՞տ է անհրաժեշտ։ Մարդ, ով չի վախենա վարակներից ու վտանգներից եւ կկատարի իր պարտականությունները՝ ցրտին ու քամուն, հիվանդություններին ու արհավիրքներին ուշադրություն չդարձնելով։ Հայկ Մարությանը, ըստ էության, մի բան ապացուցեց՝ որ մեր մայրաքաղաքը կարող է գոյատեւել նաեւ առանց քաղաքապետի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել