ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «խորապես անհանգստացած» է սահմանին տեղի ունեցող իրադարձություններով:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի հարազատներին: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել իրավիճակի սրումը, վերականգնել բովանդակային երկխոսությունն ու հրադադարը, ինչպես նաև վերսկսել Մինսկի խմբի համանախագահների հետ առարկայական բանակցությունները»,-ասել է Պոմպեոն:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը դատապարտել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բռնությունը՝ կողմերին կոչ անելով դադարեցնել ուժի կիրառումը, խուսափել հետագա սրումից, խստորեն ենթարկվել հրադադարին:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել