Աշխարհում կան բազմաթիվ քաղաքներ, որոնք ունեն իրենց յուրօրինակ օրենքներն ու կանոնները: Հաճախ նման օրենքները հավասար են լինում համընդհանուր ճանաչում ստացած նորմերին, սակայն լինում են նաև բացառություններ: Օրինակ՝ մոլորակի ամենահյուսիսային քաղաքում՝ Նորվեգիայի Լոնգիյրում, յուրաքանչյուր բնակիչ պարտավոր է կրել զենք: Այս նորմը պայմանավորված չէ հանցագործությունների մեծ թվով. ամեն ինչ ավելի պարզ է: Ընդհանրապես, քաղաքի տարածքում գործում են տարատեսակ արտասովոր նորմեր:

Նորվեգական Լոնգիյր քաղաքը գտնվում է առանձնացված Շպիցբերգեն կղզախմբում: Հարկ է նշել, որ այս տարածքը մինչև նախորդ հարյուրամյակի սկիզբը չի պատկանել ոչ ոքի: Հիմնականում այստեղ գալիս էին տարբեր երկրներից որսորդներ, ինչպես նաև ածուխ որոնողներ: Միայն 1920 թ. պաշտոնապես պայմանագիր կնքվեց առ այն, որ տարածքն անցնում է Նորվեգիայի իշխանության տակ:

Քաղաքը կառուցվել է դեռ 1906 թ.: Ինչպես նշվեց, այստեղ գալիս էին ածուխ որոնողներ և բնակավայրեր հիմնում: Ածխի հանքը հետագայում անցավ նորվեգական ընկերության ղեկավարման տակ: Իհարկե, առաջին տարիներին փոքրիկ բնակավայրը ծաղկում էր ապրում, քանի որ երկրին ռեսուրսներ էին հարկավոր: Սակայն 90-ական թվականներին ածխահանությունը կրճատվեց, և շատ մարդիկ լքեցին քաղաքը՝ առավել լավ կյանք փնտրելու հույսով: Այսօր ածուխ հանվում է բացառապես տեղի ջերմաէլեկտրակայանի համար:

Այցելելով քաղաք՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ հանդիպում է բնակավայրի գլխավոր խորհրդանիշին՝ սպիտակ արջին: Արջն այստեղ պատահական չէ տեղադրված, քանի որ տարածքում ապրում է ավելի քան 1,000 սպիտակ արջ:

Հենց այդ պատճառով էլ քաղաքում գործում է օրենք՝ զենքի մշտական կրման վերաբերյալ: Առանց զենքի զբոսանքը կարող է ողբերգական ավարտ ունենալ քաղաքի բնակիչների կամ այցելուների համար: Արջերը հանգիստ ու ազատորեն կարող են մտնել քաղաք, և եթե մարդը այս գիշատիչի հետ միայնակ մնա, ապա դա հաստատապես նրա վերջին հանդիպումը կլինի: Իսկ զբոսաշրջիկներին արգելվում է տարածքը լքել առանց զինված գիդի ուղեկցության:

Սակայն արջերին առանց պատճառի սպանելն արգելվում է: Իհարկե, եթե հայտնվում եք անելանելի իրավիճակում, ապա կարող եք կրակել օդ կամ անգամ գիշատչի վրա, եթե նա հարձակվում է: Սպիտակ արջի յուրաքանչյուր սպանություն առանձին քննության է ենթարկվում: Օրինակ՝ եթե արջը սպանվել է ավելի քան 50 մ հեռավորությունից, ապա սպանողը պարտավորվում է մեծ տուգանք վճարել կամ էլ ազատազրկման ենթարկվել:

Բացի դրանից՝ գործում է նաև օրենք, որն արգելում է առանց պատճառի արջերին վախեցնելը: Եթե նման վարքագիծ նկատեն տեղի ոստիկանները, ապա տուգանքից չեք խուսափի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել