Tert.am-ը գրում է․

Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ Tert.am-ը զրուցել է օրերս ընդունված Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի մասին:

- Պարոն Մելիքյան, հրապարակվել է Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգը: Այն կազմվեց հեղափոխությունից հետո՝ այս երկու տարիների ընթացքում և փոխարինում է 2007-ին ընդունված հայեցակարգին: Առաջին տպավորությամբ տարբերվո՞ւմ է նորը նախորդից, և արդյոք իսկապես հաշվի՞ են առնված այն անվտանգային փոփոխությունները, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել արտաքին և ներքին անվտանգության ոլորտներում:

- Բովանդակային առումով կարելի է ասել, որ նոր փաստաթուղթը հնի հենքի վրա է պատրաստվել, սակայն նաև լրացվել է նոր տարրերով: Լավ է, որ արմատապես փոխվել է մատուցման ձևը՝ նախորդը գրված էր ծանր, գրասենյակային ոճով, դժվարամարս էր, երբեմն թվում էր, թե մտքերը նախ ինչ-որ մի օտար լեզվով են ձևակերպված եղել և ապա թարգմանվել հայերեն: Նոր փաստաթղթի լեզուն մատչելի է ու ընկալելի անգամ ոչ մասնագետի համար: Տեսանելի է, որ հեղինակները ձգտել են դրանում հաշվի առնել 2007 թվականին դեռևս գոյություն չունեցած կամ նոր-նոր ձևավորվող սպառնալիքները՝ հիբրիդային ու կիբեռպատերազմները: Մատուցման փոքր-ինչ պաթետիկ, երբեմն անգամ էպիկական ոճը տվյալ դեպքում չի նսեմացնում փաստաթղթի արժեքը, քանի որ հայ ընթերցողին որոշակի լավատեսություն ու ապագայի հանդեպ վստահություն է ներշնչում: Կան նաև, ըստ իս, անընդունելի բանաձևումեր, որոնց մի մասը ևս նախորդ փաստաթղթից համարյա նույնությամբ փոխադրվել է նորի մեջ, և սա խիստ մտահոգիչ է:

- Եթե կան տարբերությունները, ապա որո՞նք են ցայտունները:

-Կնախընտրեմ սկզբում անդրադառնալ ակնարկածս մերժելի մոտեցման կրկնությանը: Թե 2007 թ., թե 2020 թ. հայեցակարգերում արհամարհված է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման ու ապահովման հրամայական պահանջը: Արցախի տարածքի խնդիրը երկու դեպքում էլ միտումնավոր կերպով անտեսված է: Փաստորեն այս ընթացքում այդպես էլ չընկալվեց, որ Արցախի տարածքի հանձնումը չի կարող խաղաղության ապահովման գին լինել: Ավելին՝ այդ պահվածքը պատերազմ հրահրելուն հավասարազոր մի բան է: Գալով տարբերություններին` առանձնահատուկ ընդգծեմ, որ նոր հայեցակարգում Հայ Առաքելական եկեղեցին այլևս չունի մենաշնորհ դիրք և Հայ Կաթոլիկ ու Հայ Ավետարանչական եկեղեցիների հետ միևնույն շարքում է հիշատակվում: Առհասարակ, ակնհայտորեն նոր փաստաթուղթը շատ ավելի մեծ տեղ է տալիս ընդհանրական ազգային համատեքստի ու ինքնիշխանության արժևորմանը: Մյուս կողմից, ասվում է, որ պետությունն է ազգի գոյության երաշխավորը, և այստեղ ես կուզեի մի էական ճշգրտում անել: Բանն այն է, որ պետությունը ազգի ինքնակազմակերպման ձև է, մի գործիք, որի միջոցով ազգը կառուցում է իր ներքին կյանքն ու արտաքին հարաբերությունները: Բայց գործիքն ինքնին որևէ բանի երաշխավորը լինել չի կարող: Թե ազգի, թե ազգային պետության գոյության միակ երաշխավորը իրականում ազգային վերնախավն է՝ քաղաքական, հոգեմտավոր, տնտեսական ու ռազմական ընտրանին, առանց որի արագորեն կոչնչանան և մեկը, և մյուսը: Շատ կարևոր է այստեղ ճշգրիտ շեշտադրումը, քանի որ դրանից է կախված, թե ինչն ենք համարելու էական և ինչը՝ երկրորդական, ինչպես կփոխկապակցենք երևույթի ներքին էությունը դրա արտաքին դրսևորումերի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել