Հին Բաբելոն

Հենց Հին Բաբելոնում է ստեղծվել հղիության առաջին թեստերից մեկը: Հղիության պարզման համար ոչխարի բրդից տամպոն էին պատրաստում, որը թաթախում էին բույսերից պատրաստված հատուկ հյութի մեջ: Տամպոնը մտցնում էին կնոջ սեռական օրգանի մեջ և այնտեղ թողնում մի քանի օր: Հանելուց հետո տամպոնը դնում էին հանքային աղերից պատրաստված լուծույթի մեջ: Հղիության առկայության կամ բացակայության մասին վկայում էր տամպոնի գույնի փոփոխությունը. կարմիրը նշանակում էր հղիություն, իսկ կանաչը՝ հակառակը:

Հին Եգիպտոս

Մեզ հասած հին եգիպտական պապիրուսներում վկայություններ կան հղիության և ապագա երեխայի սեռը որոշելու եղանակների մասին: Համաձայն առաջին մեթոդի պայմանների՝ կինը պետք է հացահատիկներով լցված երկու պարկերի մեջ միզեր. մի պարկը պետք է լի լիներ ցորենով, մյուսը՝ գարիով: Եթե աճեր գարին, ապա տղա կծնվեր, եթե ցորենը՝ աղջիկ: Եթե չաճեր ոչ մի պարկի մեջ գտնվող հացահատիկը, ապա դա նշանակում էր, որ կինը հղի չէ: Լաբորատորիաներում անցկացված թեստերը ցույց են տվել, որ 70% դեպքերում հաստատված հղիության դեպքում հացահատիկն իսկապես աճում է: Երկրորդ մեթոդի համաձայն՝ կինը պետք է տղա ծնած կերակրող մոր կրծքի կաթը խմեր: Եթե կաթը կնոջ մոտ փսխոց առաջացներ, ապա դա կվկայեր հղիության մասին:

Հին Իսրայել

Հրեա կանայք հանում էին կոշիկները և ոտաբոբիկ քայլում բարձր խոտի վրայով: Եթե խորը հետքեր մնային, ապա դա կնշանակեր, որ կինը հղի է:

Հին Հունաստան

Մանկաբարձները Հին Հունաստանում խորը գիտելիքներ ունեին: Այսպես՝ հղիությունը պարզելու համար նրանք ուսումնասիրում էին օբյեկտիվ նշանները՝ ցիկլի, ախորժակի բացակայություն, սրտխառնոցի առկայություն, դեմքի վրա դեղին հետքերի առկայություն և այլն: Այս ամենի հետ մեկտեղ նրանք օգտագործում էին նաև այլ միջոցներ. կնոջ աչքի դիմաց ամրացնում էին կարմիր քար, և եթե քարի փոշին ընկնում էր կնոջ աչքի մեջ, ապա նրան հղի էին համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել