168.am-ը գրում է․

Թուրքիայում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարանի կարգավիճակ չունի, այն Բարձրագույն դատական մարմնի որոշմամբ՝ վերածվելու է մզկիթի։ Այս որոշումից ընդամենը ժամեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է հրամանագիրը, ըստ որի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի տնօրինումը հանձնվում է Կրոնական գործերի նախագահությանը, և այն կվերաբացվի՝ որպես մզկիթի:

Նախատեսված է, որ տաճարում առաջին նամազը տեղի կունենա հուլիսի 15-ին, որի ժամանակ թուրք ժողովրդին խոսքով պետք է դիմի նաև Էրդողանը։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, արևելագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի գործողություններին՝ նշեց, որ այս ամենը պետք է դիտարկել երկու տարբեր հարթություններում։

Առաջինը՝ Էրդողանի անձնական, քաղաքական ամբիցիաների և իմիջի  տեսանկյունից, երբ վերջինս իր քաղաքական կենսագրության մեջ դնում է բարձր սանդղակներ և դրանք հաղթահարում է, և Սուրբ Սոֆիայի տաճարը դրանցից մեկն է։
Երկրորդը՝ Թուրքիայում պետականորեն և հասարակության կողմից ընդունված ցեղասպան մտածողության, տվյալ պարագայում մշակութային եղեռնի տրամաբանության շարունակությունն է։

«Այս բոլոր փոփոխությունները տեղավորվում են ծայրահեղացման, իսլամականացման, այլամերժության մեջ։ Այսինքն՝ Էրդողանի քաղաքական կերպարը տեղավորվում է այլամերժության և տարատեսական համամարդկային արժեքները ոտնահարելու հիմքի վրա։ Սուրբ Սոֆիայի տաճարը, որը համարվում է  Ուղղափառ քրիստոնեության կարևոր գոհարներից մեկը, փաստորեն, պետականորեն, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև տեղի է ունենում մշակութային եղեռնի հերթական դրվագ, որն իրականացնում է պետությունը, և որին աջակցում է Թուրքիայի հասարակության գերակշիռ մեծամասնությունը։ Ոչ միայն աջակցում է, այլև ամբողջովին սատարում է և ոգևորվում է Էրդողանի քայլերից»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ նրա, այս ամենը խոսում է նաև Թուրքիայում ծայրահեղ իսլամականացման միտումների մասին։

Ինչ վերաբերում է այս համատեքստում հայկական կողմի անելիքներին, Ռուբեն Մելքոնյանը շեշտադրեց երկու առանձնահատկություն։

Նախ՝ Հայաստանը, որպես ցեղասպանությունները դատապարտող առաջամարտիկ պետություն, բնականաբար, դատապարտում է նաև մշակութային ցեղասպանության դրսևորումները, և այս ամենը լինելով մշակութային եղեռնի դասական օրինակ՝ կարող է քննադատվել։ Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում՝ լինի ՅՈՒՆԵՍԿՕ թե այլ կառույց, կարող է բարձրացնել այս աղաղակող փաստը։

«Հայաստանն այստեղ ոչ թե նոր պետք է քննադատի և անցնի առաջ, այլ պետք է լինի ինչ-որ տեղ առաջամարտիկ՝ այս երևույթը միջազգային հարթակներում ներկայացնելու, քննադատելու, պատժամիջոցներ առաջարկելու, և այլն։ Կարծում եմ՝ նույնիսկ Հունաստանի ուղղափառ այլ երկրների հետ զուգահեռ։

Սակայն մինչ այս պահը մենք Հայաստանի կողմից շատ խիստ քննադատություններ չենք լսել ո՛չ Թուրքիայի հասցեին, ո՛չ Ադրբեջանի, ինչը, մեղմ ասած, տարակուսելի է։ Սրանից զատ, այս ամենը մեր հանրության և քաղաքական ղեկավարության համար օրինակ պետք է լինի, որ  հարևան երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում, պետականորեն և հասարակության գերակշիռ մասի կողմից քարոզվում է հայատյացություն, հակաքրիստոնեություն և այլն։

Այս պարագայում խոսել պացիֆիստական տոնայնությամբ՝ ԱԺ-ում խոսել լավ թուրքերից, Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունից, երկխոսությունից, նրանց ներելուց և նմանատիպ այլ երևույթներից՝ ուղղակի անթույլատրելի է։

Այդ պետությունն ուղղակի իր հասարակությամբ և քաղաքական վերնախավով, ուղղակի բացահայտ ասում է, որ ինքն անընդունելի է համարում հայկական քրիստոնեական ներկայությունն այս տարածաշրջանում, հայերն ու քրիստոնեությունը նրա համար շարունակում են մնալ թիրախ։

Սրանից հետո խոսել խաղաղասիրությունից, խոսել մեղմ տոնայնությամբ, առնվազն սխալ է։ Իսկ եթե այդ ամենը պատահական չէ, այլ ուղղորդված է որոշակի շրջանակների ու ուժային կենտրոնների կողմից, ապա այստեղ մենք կարող ենք դավադրապաշտության տեսությանը հետևելով՝ ավելի վտանգավոր եզրահանգումներ անել»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Արևելագետը նաև ընդգծեց, որ Թուրքիայի տարբեր տարիներին կատարած քայլերն այս կամ այն կերպ իրականանալի են դարձել միջազգային հանրության, եվրոպական գերտերությունների լուռ համաձայնությամբ կամ հերթապահ հայտարարությունների ֆոնի ներքո։

«Ճիշտ է, որոշ հայտարարություններ եղել են, բնական է, որ Հունաստանն է ամենակոպիտ հայտարարություն անողը, որովհետև համարվում է այդ ամենի ժառանգը։ Բայց կարծում եմ՝ տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանը ևս կարող է որոշակի քայլեր կամ հայտարարություններ անել, առնվազն երկու առումով։ Մենք տեսել ենք Ռուսիո պատրիարքի հայտարարությունը, բայց առնվազն երկու առումով Ռուսաստանը կարող է ավելի կոշտ քայլեր անել, մեկը՝ որպես ուղղափառ գերտերություն, մյուսը՝ սիմվոլիկ առումով՝ որպես Բուզանդիայի ժառանգ։ Ցավոք, ռուս-թուրքական հարաբերություններում, անգամ թեժացման ժամանակ, գերիշխում են այլ մոտեցումներ, այլ բաղադրիչներ։ Բայց մշակութային եղեռնի բաղադրիչը տեղ չի զբաղեցնում։ Ենթադրում եմ, որ միջազգային հանրությունը բավարարվելու է այսպես հերթապահ հայտարարություններով։ Կարծում եմ՝ հայկական կողմը իրավիճակում որոշակի ակտիվություն կարող է մտցնել՝ հանդես գալով՝ որպես մի պետություն և ազգ, որը, ավելի լավ, քան մնացածը, գիտի և ծանոթ է թուրքական ցեղասպան քաղաքականությանը և դրա բաղկացուցիչ մաս կազմող մշակութային եղեռնին»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Սուրբ  Սոֆիայի տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և եղել է Սուրբ Իմաստության երրորդ եկեղեցին: Այն համարվում է աշխարհի ամենամեծ կառույցներից։ Նախկինում համարվել է հունական ուղղափառ քրիստոնեական տաճար, այնուհետև վերածվել է թանգարանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել