168.am-ը գրում է․

2019-ի սեպտեմբերին Վայոց ձորում ծեծի ենթարկված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է ծանր մնալ. նա գրեթե մեկ տարի կոմայի մեջ է:

«Փոփոխություն չկա, նույն վիճակին է ինքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:

Անդրադառնալով միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործին, նա տեղեկացրեց. «Քննչականն իր գործն ավարտել է, գործերը տվել են դատարան, սպասում ենք՝ դատարանից երբ պետք է զանգահարեն, ժամկետի մասին հստակ տեղեկություն չունենք»:

Կարեն Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ այսօր կարդացել է Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին լուրը, ու նշեց.

«Պարզ է՝ ով է իրենց թիկունքը կանգնած, ով ում մարդն է, հիմա էլ կապ չունի՝ Նիկոլն է, ով է նստողը կամ չնստողը. իշխանությունը մնում է իշխանություն, ամեն մարդ՝ իրենը, վսյո»:

Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով   ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն արդեն մոտ 10 ամիս գտնվում է կոմայի մեջ: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել  Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Հարություն Գրիգորյանն այժմ կալանքի տակ է, իսկ  Զավեն Գրիգորյանը մարտի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվեց: Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել