Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին կալանավորելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վանիկ Ասատրյանի պաշտպան Էմին Բեգլարյանը։

Նա հայտնեց, որ վերաքննիչ բողոքով վիճարկվել է թե՛ հիմնավոր կասկածի առկայությունը, թե՛ կալանավորման հիմքերը։
Բեգլարյանի գնահատմամբ՝ ներկայացված վերաքննիչ բողոքը հիմնավոր է, ուստի՝ մեծ են հույսերը, որ կբավարարվի։ Նրա խոսքով՝ Վանիկ Ասատրյանը գործով միակ մեղադրյալն է, ով կալանավորված է։

Ինչ վերաբերում է նույն գործով մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Աբրահամ Մանուկյանին՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակելու մասին որոշումներին՝ Բեգլարյանը նշեց, որ ծանոթ չէ հիմքերին, սակայն ընդգծեց, որ նկատի ունենալով, որ նույն գործի շրջանակներում են բոլորը մեղադրվում և բոլորի վերաբերյալ կալանավորման հարց է քննարկվել, պետք է նշանակություն ունենա նաև այդ հանգամանքը, քանի որ նրանց մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից կատարված արարք, թեև մեղադրանքի որոշման մեջ խմբի անդամների վերաբերյալ տվյալներ չկան, ավելին՝ տեղեկություններ, ձևակերպումներ առկա չեն, թե կոնկրետ խմբի, որ անդամն ինչ դերակատարություն է ունեցել։ Բեգլարյանի գնահատմամբ՝ մեղադրանքն անորոշ է և այդ հարցը քննարկվել է նաև միջնորդության քննության ժամանակ։

«Պետք է հստակ նշվի, թե խմբի անդամներն ովքեր են, նրանցից ով ինչ դերակատարություն է ունեցել։ Դա շատ կարևոր է, որն այս պահին առկա չէ։ Այսինքն՝ մեղադրանքն այնքան անհստակ է, որ չգիտենք, թե ինչի դեմ պաշտպանվենք։ Վճռաբեկ դատարանը նախկինում նախադեպային որոշումներում մեղադրանքի անհստակությունը դիտել է նաև դրա հետևանքով պաշտպանական իրավունքի խախտում, քանի որ չգիտենք, թե ինչի դեմ պաշտպանվենք, կարդում ենք և չենք հասկանում»,- ասաց Բեգլարյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ 2017թ ընտրությունների ընթացքում ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նույն գործով մեղադրանք է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար, նույն հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել